‘Տիմոշենկոն «անժամկետ հացադուլ» է հայտարարել’

887

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն «անժամկետ հացադուլ» է հայտարարել՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն ստորագրելու պահանջով:

Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն, ելույթ ունենալով Կիևում հանրահավաքի ժամանակ, հայտարարել է, որ հիվանդանոցում գտնվող Տիմոշենկոն ցուցարարներից պահանջում է «գնալ առաջ»: «Չնահանջե՛ք, գնացե՛ք մինչև հաղթանակ: Եթե նոյեմբերի 29-ին Յանուկովիչը չստորագրի ասոցացման համաձայնագիրը, ապա երկրի երեսից ջնջեք նրան և իր կոռուպցիոն մետաստազները»,- կոչ է արել Տիմոշենկոն:

Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, նախագահ Յանուկովիչը երկրի ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակել էր ուղերձ՝ ուկրաինացի ժողովրդին: Նա հայտարարել էր, որ երկիրը գտնվում է «ճնշման տակ», որի արդյունքում «կանգ կառնի արտադրությունը, և միլիոնավոր քաղաքացիներ կնետվեն փողոց»: Միևնույն ժամանակ, ըստ Յանուկովիչի՝ «Ուկրաինայում եվրոպական չափորոշիչներին համապատասխան հասարակության կառուցումն այլընտրանք չունի»: «Մենք պետություն ենք կառուցում, որտեղ մարդու իրավունքները, օրենքի առջև բոլորի հավասարությունը, ընտրության իրավունքը, սոցիալական պաշտպանությունը բարձրագույն արժեքներ են բոլորի համար»,- պնդել է Ուկրաինայի նախագահը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:  

Նախորդ հոդվածը‘Իրավապաշտպաններ. Ռուսաստանը վտարում է սիրիացի փախստականներին’
Հաջորդ հոդվածը‘«Հակահարված»-ի տղաները մի քանի ժամ անց ազատ են արձակվել’