‘Տիմոշենկոն որոշել է առաջադրվել նախագահական ընտրություններում’

903

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որն իր յոթնամյա ազատազրկումն է անցկացնում բանտում՝ պաշտոնական իրավասությունները գերազանցելու մեղադրանքով, հայտարարել է 2015 թ. նախատեսված նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշման մասին: Ինչպես հաղորդում է «Բատկիվչինայի» առաջնորդի կայքը, այդ մասին նա հայտարարել է շվեյցարական Le Temps պարբերականին տված հարցազրույցում: «2012 թ. դեկտեմբերի 7-ին միացյալ ընդդիմությունը հայտարարեց, որ հաջորդ նախագահական ընտրություններում կսատարի ինձ՝ որպես միասնական թեկնածուի: Դա ինձ համար մեծ պատիվ է և մեծ պատասխանատվություն: Իհարկե, կան խոչընդոտներ: Բայց ես միշտ դիմադրել եմ նրանց, ովքեր փորձել են շեղել ինձ իմ նպատակներից և Ուկրաինայի ապագայի վերաբերյալ իմ երազանքներից»,- հայտարարել է Տիմոշենկոն: Նրա խոսքերով՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու իր թիմը շատ լավ գիտեն, որ ինքը կարող է փոխել իրավիճակը երկրում և դիմակայել Ուկրաինայում բռնապետության հաստատմանը:

Նախկին վարչապետը նաև հույս է հայտնել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը քննում է Տիմոշենկոյի բողոքը՝ քրեական հետապնդման օրինականության վերաբերյալ, այնպիսի որոշում կընդունի, որը «հանարավորություն կտա, որպեսզի ինձ դատեն ոչ թե իշխանության կողմից գնված դատավորները, այլ ժողովուրդը, որն իրավունք ունի ազատ և արդար ընտրություններում արտահայտելու իր կարծիքն իմ  և իմ կուսակցության վարած քաղաքականության մասին», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը կրկին դիմել է գլխավոր դատախազին’
Հաջորդ հոդվածը‘Ալեքսանդր Բուբնով. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ» հանդիպման վերլուծությունը պետք է սկսել թուրքական հրեշից’