‘Տիմոշենկոն քաղաքացիական անհնազանդության կոչ է անում ‘

866

Ոկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով յոթը տարվա ազատազրկման է դատապարտվել իշխանության չարաշահման մեղադրանքով, քաղաքացիական անհնաանդության ակցիայի մեկնարկի մասին է ազդարարել: Ակցիան կանցկացվի Խարկովի հիվանդանոցում, որտեղ Տիմոշենկոն բուժման կուրս է անցնում:

Նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուղղված նամակում նախկին վարչապետը շարադրել է նախագահի նկատմամբ ունեցած «հին» մեղադրանքները՝ ուկրաինաֆոբիայի եւ ավազակապետության վրա հիմնված դիկտատուրայի կառուցում, նահանջ եվրոպական արժեքներից, անարդարության եւ աղքատության միջավայրի ստեղծում եւ այլն:  

Այնուհետեւ, Տիմոշենկոն ներկայացնում է իր նոր պահանջները, որոնք վերաբերում են իր նկատմամբ շուրջօրյա տեսանկարահանմանը:

«Ես այլեւս իմ հիվանդասենյակ չեմ մտնի, քանի դեռ դուք, Վիկտոր Ֆյոդորովիչ, այնտեղից չհանեք ձեր տեսախցիկները, որոնց միջոցով դուք ամբողջ օրը հետեւում եք ինձ՝ երբ ես անկողնում եմ լինում, լորգարանում, զուգարանում: Դուք հետեւում եք, թե ես ինչպես եմ փոխում հագուստս, ինչպես եմ սնվում, շփվում բժիշկների եւ պաշտպաններիս հետ», — նամակում գրել է Տիմոշենոն՝ հռետորական հարց հղելով նախագահին՝ «Հետաքրքիր է՝ արդյո՞ք նման տղամարդկային զվարճանքները արժանանում են ձեր երկու որդիների Ալեքսանդրի եւ Վիկտորի հավանությանը»:

Տիմոշենկոն սպառնացել է նաեւ հրաժարվել մասնակցել քննչական գործողություններին մասնակցելուց: Ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդը կոչ է արել իր համաքաղաքացիներին՝ հետեւել իր օրինակին եւ անհնազանդություն ցուցաբերել ցանկացած հնարավոր եղանակով:

 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիացի նախարարը մեղադրվում է չհայտարարագրված միջոցներ ունենալու մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանից «նեղացած» երգչուհին տեղափոխվել է Հայաստան (Տեսանյութ)’