‘«Տիրոջ դիմադրության բանակը» նաև երեխաների է առևանգում’

1349

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում հաճախակիացել են «Տիրոջ դիմադրության բանակի» (LRA) հարձկումները՝ Ջոզեֆ Կոնիի գլխավորությամբ:

Ինչպես փոխանցում է խմբավորման հարձակումներին հետևող Crisis Tracker հասարակական կազմակերպությունը, հունվարի 1-ից հարձակումների ընթացքում առևանգվել է մոտավորապես 250 մարդ, այդ թվում՝ 54 երեխա: Մոնիթորինգային խմբում մտավախություն ունեն, որ ինչպես նախկինում բազմից եղել է՝ անչափահասներին օգտագործում են մարտական ջոկատներ ձևավորելու համար: Ակտիվիստները նշում են, որ տարեսկզբից ի վեր առևանգված մարդկանց թիվն արդեն գրեթե կրկնակի գերազանցում է ողջ անցյալ տարվա ընթացքում առևանգումների քանակը: Այդ վիճակագրությունը վկայում է, որ ԿԱՀ-ի արևելքում, չնայած  ՄԱԿ-ի խաղաղարար քանակակազմի, Աֆրիկյան միության և ԱՄՆ բանակի ներկայությանը, նախկինի պես՝ չի հաջողվում պաշտպանել խաղաղ բնակչությանը:

«Տիրոջ դիմադրության բանակ» խմբավորումը հիմնադրել է Ջոզեֆ Կոնին, որը 1987 թ. ղեկավարել է ապստամբությունն Ուգանդայի կառավարության դեմ և այդ ժամանակից ի վեր թաքնվում է ջունգլիներում՝ թափառելով Կենտրոնաֆրիկյան Հանրապետության, Հարավային Սուդանի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքներում: Միջազգային քրեական դատարանը Ուգանդայի ապստամբների առաջնորդին ձերբակալելու օրդեր է տվել՝ ռազմական հանցագործությունների մեղադրանքով: 2015 թ. միջազգային դատարանի առջև կանգնեց խմբավորման պարագլուխներից մեկը՝ Դոմինիկ Օգուենը, սակայն Կոնին մինչ օրս ազատության մեջ է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Վաղը կանձրեւի’