‘ՏՄՊՊՀ. Մանկատներում և ծերանոցներում սնունդը ձեռք է բերվել շուկայականից 200% թանկ գնով’

1108

Մանկատներում և ծերանոցներում պետգնումների շրջանակում կատարված ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ, iLur.am-ին հայտնում են ՏՄՊՊՀ-ի մամլո ծառայությունից:

Պետգնումների ոլորտում կատարված հերթական ուսումնասիրությունը վերաբերում է հանրապետության մանկատներին և ծերանոցներին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է հերթական ուսումնասիրությունը՝ պետական գնումների շրջանակում: Հանձնաժողովը կատարել է լայնածավալ աշխատանք՝ մանկատների և ծերանոցների կողմից սննդամթերքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացի ուսումնասիրության նպատակով: 

Ընդհանուր առմամբ՝ հանրապետության տարածքում գործող 18 հաստատությունների կողմից վերոնշյալ ապրանքների գնման նպատակով հայտարարվել է շուրջ 100 մրցույթ։ Մրցութային փաթեթների ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնց մեծ մասը թեև վերաբերում է գնումների գործընթացին, սակայն կարող է իր ուղղակի ազդեցությունն ունենալ մրցակցային իրավիճակի վրա՝ ստեղծելով անբարենպաստ միջավայր այն տնտեսվարողների համար, որոնք զրկվել են մրցույթներին մասնակցելու և միգուցե ավելի բարեխիղճ աշխատելու հնարավորությունից:

Հաշիվապրանքագրերը փաստում են, որ որոշ մանկատներ և ծերանոցներ սնունդը  ձեռք են բերել շուկայականից մինչև  200 տոկոս թանկ գնով

Ըստ ՏՄՊՊՀ դիտարկումների՝ մրցույթներին մասնակցող որոշ ընկերություններ աշխատել են միմյանց հետ փոխկապակցված: Օրինակ, առկա են դեպեր, երբ 2 տարբեր ընկերություններ, մասնակցելով մանկատան կամ ծերանոցի կողմից հայտարարված մրցույթին, ներկայացրել են գրեթե միևնույն փաթեթները՝ նույն գնային առաջարկով,  տառասխալներով և անգամ նույն կոնտակտային տվյալներով ու տնօրենի ստորագրությամբ: Նման ընկերություններից յուրաքանչյուրը հաջորդաբար հաղթող է ճանաչվել մրցույթներից առնվազն մեկում, ինչը փաստում է  ներքին համաձայնության մասին: Արձանագրվել են նաև այնպիսի դեպքեր, երբ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է և կարտոֆիլը մատակարարել 300 դրամով, իսկ հենց նույն ընթացքում տեղի ունեցած մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 70%-ով ավելի բարձր գին՝ 500 դրամ:  Արդյունքում՝ վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել այդ ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ  ընկերություն՝ կարտոֆիլը մատակարարելով իր համար բավական շահավետ՝ 320 դրամ արժեքով:

Տեղեկացնենք նաև, որ տվյալ սննդամթերքի կամ տնտեսական ապրանքի ձեռքբերման գները դիտարկելիս Հանձնաժողովը համեմատական է անցկացրել բացառապես տվյալ ժամանակահատվածի գների հետ, ընդ որում՝ հիմք են ընդունվել շուկայում առկա առավելագույն գները։ Արդյունքում պարզվել է, որ բոլոր մրցույթներում ձեռք բերված ապրանքների արժեքները հիմնականում էապես բարձր են իրական գներից: Օրինակ, սննդամթերքի ձեռքբերման մրցույթներից մեկում հաղթող ընկերությունը բազուկը մատակարարել է 300 դրամով, մինչդեռ նույն ժամանակահատվածում շուկայում բազուկի գինը եղել է առավելագույնը 100 դրամ: Նման օրինակները բազմաթիվ են, որոշ ապրանքներ ձեռք են բերվել շուկայականից մինչև անգամ 200%-ով բարձր արժեքով:

Տեղեկացնենք նաև, որ ձեռքբերման փաստաթղթերից պարզ չէ, թե հատկապես ինչ տեսակի սնունդ կամ տնտեսական ապրանք է գնվել: Օրինակ, նշված է, որ գնվել է ձեթ կամ կաթնամթերք, սակայն նշված սննդամթերքների տեսականին, թե՛ գնային և թե՛ որակական առումով, շուկայում խիստ բազմազան է:

Որոշ ընկերություններ վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն՝ շուկան բաժանելով միմյանց միջև

ՏՄՊՊՀ-ի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզ է դառնում, որ 
մատակարար հանդիսացող մի քանի ընկերություններ պետգնումների շրջանակում նախապես միմյանց հետ համաձայեցրել են, թե տվյալ մրցույթում ինչ գին պետք է առաջարկեն: Ըստ էության շուկան բաժանելով միմյանց միջև՝ նրանք հաջորդաբար հաղթել են տարբեր մրցույթներում։

Մատակարար ընկերությունների և սոցհաստատությունների նման վարքագծի հետևանքով սամանափակվել է մրցակցությունը, ապրանքները մատակարարվել են դրանց շուկայական գներից բարձր գներով, և արդյունքում՝ տեղի է ունեցել պետական բյուջեից հատկացվող միջոցների ոչ արդյունավետ օգտագործում:

Հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովն առաջիկայում  կհրապարակի ինչպես օրինախախտ ընկերությունների անվանումները, այնպես էլ կիրառվող պատասխանատվության միջոցը:

Նախորդ հոդվածը‘Չավի. Պեպեի մեկնաբանությունները անիմաստ են’
Հաջորդ հոդվածը‘Որպես վկա` հարցաքննվել է քաղաքաշինության նախկին նախարարը’