‘ՏՄՊՊՀ-ն «ԱրմենՏել»-ին տուգանեց 30 մլն դրամով’

1087

«Ալիաս» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել Հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ իրենց ընկերության աշխատակիցները օգտվել են «ԱրմենՏելի» «Էքսկլյուզիվ բիզնես»  սակագնային փաթեթից: Ըստ «Արմենթելի» ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության՝ այս սակագնային փաթեթով ինտերնետի 1ՄԲ-ի արժեքը 49 դրամ է: Այսպես նշված է նաև տեղեկատվական բուկլետներում:   
«Ալիաս» ընկերության աշխատակիցները օգտվել են այս սակագնային փաթեթից՝ վստահ լինելով, որ սակագինը կազմելու է 49 դրամ: Սակայն որոշ ժամանակ հետո պարզվել է, որ իրենցից գանձվել է  մեկ ՄԲ-ի համար ոչ թե 49 դրամ, այլ 90 դրամ: Ըստ «ԱրմենՏելի» բացատրությունների՝ սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է «Ինտերնետ բոլորի համար» սակագնային փաթեթը, որի 1ՄԲ-ը արժե 90 դրամ, իսկ «Էքսկլյուզիվ բիզնես» փաթեթի համար այդ սակագինը չի կիրառվել, քանի որ դրա համար սպառողները պետք է հատուկ կարգավորումներ իրականացնեն: 

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ ՏՄՊՊՀ-ի նիստում քննվել են մի շարք քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները մի քանի խոշոր ընկերությունների նկատմամբ: Հանձնաժողովը ստացել է դժգոհություններ, մասնավորապես, «ԱրմենՏել», «Հայփոստ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների գործունեության վերաբերյալ: Այս մասին iLur.am-ին հայտնում են ՏՄՊՊՀ-ից:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ԱրմենՏելը»  մոլորեցրել է սպառողներին, քանի որ նրանց չի տեղեկացրել երկու սակագնային փաթեթների տարբերության մասին: Սպառողներն էլ օգտվել են այն փաթեթից, որի գինը ավելի էժան է եղել, սակայն հետագայում նրանցից գանձվել է անհամեմատ բարձր գին: 

Ըստ Հանձնաժողովի՝ «ԱրմենՏելի» վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար որոշվեց ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ 30 մլն դրամի չափով:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում կբացվի «Թումո» կենտրոն ‘
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնին հայտարարել է, որ կապ չի ունեցել մարոկկուհի Ռուբիի հետ’