‘ՏՄՊՊՀ-ն շուկաների կենտրոնացվածության հետ պայքարելու խնդիր չունի՞’

973

Հայաստանում մրցակցությունը թույլ չէ. ճիշտ է, բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, այդ ուղղությամբ ահագին աշխատանքներ տարվել են, տարվում են և էլի տարվելու են: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Լրագրողներից մեկի հարցին, թե եթե մրցակցությունը թույլ չէ՝քանի՞ շաքարավազ ներկրող կա, Շաբոյանն այսպես պատասխանեց.

«Պատրաստ եմ հրավիրել բոլոր այն լրագրողներին, ովքեր հետաքրքրված են էդ հարցով, և ևս մեկ անգամ պարզաբանումներ տալ: Կարծում եմ՝ հիմա այդ տեղը չի, որ նորից էդ հարցին անդրադառնանք: Շուկաների կենտրոնացվածություն, գերիշխող դիրքերի առկայություն մեր օրենսդրությունը չի արգելում, ընդ որում՝ ոչ միայն մեր՝ հայաստանյան օրեսնդրությունը, այլ նաև ամբողջ աշխարհում այն չի արգելում շուկաների կենտրոնացվածություն»,- ասաց Շաբոյանն ու հավելեց, որ իրենք պայքարում են գերիշխող դիրքի չարաշահումների դեմ, այլ ոչ թե կենտրոնացվածության:

Ինչ վերաբերում է կենտրոնացվածության բարձր աստիճանին, ապա դա, ըստ Շաբոյանի, ունի իր օբյեկտիվ հիմքերը. երկրի փոքր մասշտաբները, փոքր շուկան, սահմանափակվածությունը, ճանապարհների խնդիրը:

«Մեր այս տարվա ուսումասիրությունը ցույց տվեց, որ մեր ուսումնասիրած 18-19 շուկաների մեծ մասը միջին կենտրոնացվածության են, կան նաև ցածր կենտրոնացվածության շուկաներ: Կենտրոնացվածության աստիճանի նվազում կա, օրինակ՝ երշիկի, հյութերի, մակարոնեղենի շուկաները»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը:

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Նանին ագահություն արեց’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Շաբոյանին մաքսայինի տվյալները չեն հետաքրքրում’