‘ՏՄՊՊՀ-ն տուգանել է մի շարք ընկերությունների` գովազդային պայմանները խախտելու համար’

978

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է մի շարք ընկերությունների՝ անբարեխիղճ գովազդի, գովազդային բառերն ու արտահայտությունները չարաշահելու, այլ ընկերության բրենդն օգտագործելու համար:

Հանձնաժողովի այսօրվա նիստում նշվել է, որ մի շարք դեպքերում  գովազդները հանրությանը ներկայացնում են կեղծ տեղեկատվություն եւ վարկաբեկում են պոտենցիալ մրցակիցներին: Մասնավորապես, օգտագործվել են արտահայտություններ եւ առավելապես գերադրական աստիճաններ, որոնց գործածությունն արգելվում է օրենքով:

Այսպես, «Բի Էյչ Էս»  խանութ-սրահը գովազդում է, որ իրենք հանդիսանում են «տարվա լավագույն միջազգային խանութը»: «Հիքսոս» ընկերությունը՝ իր կողմից իրացվող «Riso Scotti» բրնձի գովազդում նշում է, որ դրա «իտալական որակը հաստատված է լավագույն շեֆ-խոհարարների կողմից»:

Մեկ այլ դեպքում՝ «Լ Օպտիկ» ընկերության գովազդում, ասվում է.  «ակնոցների հարուստ տեսականի աշխարհահռչակ բրենդերից, որոնցից այլ սրահում դժվար թե գտնեք…»:

Այսպիսով, առաջին երկու դեպքում ներկայացվում են կեղծ կամ ոչ լիարժեք տվյալներ (չի նշվում, թե ով է հավաստել ապրանքի միջազգային որակը): Անհարկի օգտագործվում են գերադրական աստիճաններ, ինչը համարվում է հասարակության մոլորեցում: Երրորդ դեպքում առկա է մրցակցին վարկաբեկելու փորձ:

Մեկ այլ տուգանք նշանակվել է «Իդեալ Գազ» ընկերությանը. վերջինս օգտագործում էր «Իդեալ» ապրանքային նշանը, թեեւ «Իդեալ», «Իդեալ համակարգ» ապրանքանիշները գրանցել է մեկ այլ ընկերություն՝ «Իմէքս Գրուպ»: Ըստ Հանձնաժողովի՝ «Իդեալ Գազի» նման շուկայավարումը մոլորեցնում է սպառողներին, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է:

Բոլոր խախտողները տուգանվել են նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում օտարալեզու դպրոցներին` Ո՛Չ / ՉԷ՛ / Ո՛ՇՇ ՄԻ, no/not/none, нет/никак, non, nein/nicht, nei/niet/geen, όχι, نه, hayır/yok, कोई नही, aon, ei ole…’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի պատվիրակությունը Լոնդոնում մի շարք հանդիպումներ է ունեցել’