‘Տյումենի դրամատիկական թատրոնը աշխատանքի է հրավիրում Ժերար Դեպարդյեին’

873

Տյումենի դրամատիկական մեծ թատրոնը աշխատանքի է հրավիրում ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին: Այսօր կստորագրվի պաշտոնական հրավերը, ИТАР-ТАСС-ին հայտնել է թատրոնի տնօրեն Սերգեյ Օսինցևը: «Մենք չգիտենք՝ ինչ հասցեով ուղարկենք հրավերը մեծ ֆրանսիացուն, դրա համար էլ բոլոր փաստաթղթերը կտեղադրենք համացանցում: Վստահ եմ, որ դրանք կհասնեն դերասանին»,- ասել է Օսինցևը: Տյումենյան թատրոնը Ժերար Դեպարդյեին աշխատանքի է հրավիրում 2013 թ. մարտ ամսից՝ 16 հազար ռուբլի աշխատավարձով, որին կավելացվեն տեղական բոլոր տոկոսները: «Կոչման համար տրվող հավելավճարներով՝ դա կկազմի 23 հազար ռուբլի՝ հանած եկամտահարկը, որը Ռուսաստանում ավելի ցածր է, քան Ֆրանսիայում է»,- ճշտել է թատրոնի տնօրենը: Նա նաև վստահ է, որ Տյումենի թատրոնը կարող է ապահովել ֆրանսիացի դերասանի և ռուսալեզու հանդիսատեսի անմիջական շփումը, քանի որ իրենց բեմը հագեցած է անհատական թարգմանության համակարգով: Օսինցևը նաև նշել է, որ տյումենյան թատրոնը Ռուսաստանի ամենամեծ դրամատիկական թատրոնն է:

Տնօրենի խոսքերով՝ սկզբում դա սոսկ կատակ է եղել՝ փորձերի ժամանակ իմացել են, որ Դեպարդյեն Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, և կատակել են՝ եկեք նրան հրավիրենք Տյումեն: «Իսկ այժմ ես մտածում եմ, որ դա միանգամայն իրական խնդիր է՝ նրան հրավիրել թեկուզ մարտի 27-ին թատրոնի հիմնադրման 155-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Կարծում եմ՝ Գրիգորի Ռասպուտինի դերը խաղացած դերասանին կհետաքրքրի լինել այդ անսովոր մարդու հայրենիքում, այցելել այն տունը, որտեղ նա ապրել է, նստել  այն լեգենդար բազկաթոռին, որը մուժիկներին առանձնահատուկ ուժ էր հաղորդում»,- ասել է Սերգեյ Օսինցևը:

Ի դեպ, Տյումենի դրամատիկական թատրոնը մտադիր է հրավիրել նաև ոչ պակաս մեծ դերասանուհի Բրիջիտ Բարդոյին, որը, ինչպես վերջերս հաղորդել են ԶԼՄ-ները, նույնպես ուզում է  ռուսաստանյան քաղաքացիություն  ստանալ:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի իշխանություններն ազատ են արձակում ավելի քան երկու հազար քաղաքացիական կալանավորների’
Հաջորդ հոդվածը‘Պետերբուրգում մի գիշերում հուշարձան է դրվել՝ ի պատիվ Սթիվ Ջոբսի’