‘Տնային տնտեսուհիներն ու Գագիկ Հարությունյանը, որ «երեկվա երիտասարդը չէ»’

5278

Սկզբում ՍԴ նախագահի, ապա ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տված Գագիկ Հարությունյանը ձայնակցել է նախկին իշխանությունների «իրավահար» շրջանակների սկսած ֆլեշմոբին: Այդ ֆլեշմոբի էությունը չափազանց պարզ է. նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչություն են ունեցել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին, նախագծի մշակմանը, փոփոխությունների քարոզին, այսօր իրար հետեւից՝ իբր թե պատահաբար եւ իրարից անկախ, հայտարարում են, թե Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ չկա:

Ճգնաժամ չկա, ճգնաժամ չկա…

Տիգրան Սարգսյանի ականջը կանչի, նա էլ էր վարչապետության տարիներին հայտարարում, թե՝ մի խոսեք տնտեսական ճգնաժամի մասին, որ երկրում տնտեսական ճգնաժամ չլինի:

Բայց Սահմանադրական դատարանի ճգաժամի դեպքում իրավիճակը մի քիչ այլ է. այստեղ հերքման գործին են անցել նրանք, ովքեր փաստացի այդ ճգնաժամի առաջացման մեղավորներն են, առնչակիցները, հեղինակները: Որովհետեւ այն ժամանակ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հապճեպ կյանքի կոչելիս` փաստացի ուշադրություն չէին դարձրել դետալներին. դե, որովհետեւ այդ արագընթացությունը միտված էր կոնկրետ անձի (հետեւաբար՝ նաեւ նրա ղեկավարած ուժի) իշխանությունը երկարաձգելուն, իսկ քանի որ, ըստ այդմ, իրենք «առհավետ» պիտի իշխանություն լինեին, իրենց օրոք ցանկացած սահմանադրական դրույթ մեկնաբանելի կլիներ այնպես, ինչպես իրենց էր ձեռնտու, անկախ այն հանգամանքից, թե կողքից ինչ կասեին մասնագետները, փորձագետները, իրավագետները, սահմանադրագետները, բոլորը:

Բայց այդ մարդիկ չէին նախատեսել, որ այդ կոնկրետ անձի իշխանությունը հանկարծակի կավարտվի, եւ այդ թերի դետալները ջրի երես դուրս կգան:

Եւ բնական է, որ այս պարագայում Գագիկ Հարությունյանն էլ՝ որպես մեկը, որ այդ սահմանադրական փոփոխությունների կնքահայրերից էր, քարոզչական ջատագովը, այսօր չէր կարող չմիանալ նախկինների այդ ֆլեշմոբին:

Ի՞նչ է ասում նա:

Բնականաբար ասում է, թե ոչ մի «ճգնաճամ էլ չկա», եւ հավելում. «Ճգնաժամը Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունների դաշտում է, ինչը, ցավոք, իջեցվել է տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի»:

Եւ ապա, ուշադրություն, անդրադառնում է ԲԴԽ նախագահի պաշտոնից իր հրաժարականին եւ հայտարարում, թե հրաժարական է տվել ոչ թե որովհետեւ «վախենում է վեթինգից», այլ քանի որ «մարդկային եւ մասնագիտական արժանապատվություն ունեցող ցանկացած մեկն» իր պես կվարվեր:

Բայց այստեղ մի նրբություն կա:

Այո, հետաքրքիր, խիստ հետաքրքիր է, թե ինչու է Գագիկ Հարությունյանը հանկարծակի հրաժարական տվել, բայց ոչ՝ ԲԴԽ նախագահի պաշտոնից:

Բանն այն է, որ այսօրվա ճգնաժամի պատճառներից մեկը հենց Հարությունյանի հրաժարականն է ՍԴ նախագահի պաշտոնից, եւ եթե պետք է խոսել, ապա հենց սրա մասին:

Հարությունյանը, որը  տարիներ առաջ հայտարարում էր, թե ինքը «երեկվա երիտասարդը չէ», եւ որ «Հայաստանի Հանրապետության զարգացման պատմությունը իր միջով է անցել», լավ կանի մեկ այլ հարցի պատասխանի` ինչո՞ւ հրաժարական տվեց ՍԴ նախագահի պաշտոնից:

Ինչո՞ւ դա արեց 2018 թվականի մարտի 1-ին, եթե, այսպես թե այնպես, ընդամեն 23 օր անց բոլորելու էր նրա 70 տարին, եւ եթե անգամ նա շատ ցանկանար, չէր կարողանալու մնալ իր պաշտոնին, քանի որ Սահմանադրությամբ հստակ սահմանված էր նրա պաշտոնավարման ժամկետը` մինչեւ 70 տարեկանը լրանալը:

Այսինքն, Սահմանադրությունն անգամ 1 տոկոսանոց սողանցք չէր տալիս պաշտոնավարումը շարունակելու: Եւ ուրեմն, թող պարոն Հարությունյանը բարի լինի եւ բացատրի՝ ո՞վ, ի՞նչ հանգամանքներ դրդեցին նրան լքել իր պաշտոնը 23 օր շուտ (եթե մեկ է` ինքնըստինքյան լքելու էր), այդպիսով «երջանիկ պատահականությամբ» անսպասելի հնարավորություն ստեղծելով ՀՀԿ անդամ Հրայր Թովմասյանի համար` ՍԴ նախագահ դառնալ ոչ թե հարեհաս ուժի մեջ մտնող նոր Սահմանարությամբ` ՍԴ դատավորների կողմից եւ 6 տարով, այլ` անցումային դրույթներով, ԱԺ քվեարկությամբ եւ մինչեւ 65 տարեկանը լրանալը:

Գագիկ Հարությունյանը լավ իրավագետ է, եւ նա, ի տարբերություն «տնային տնտեսուհիների», գիտեր, որ եթե ինքը չսպասի մինչեւ 70 տարեկանը բոլորելը եւ մի քանի օր շուտ հրաժարական տա, դա կոնկրետ հետեւանքներ է ունենալու:

Այսինքն, տնային տնտեսուհին կարող էր  դա անել, բայց ոչ՝ Գագիկ Հարությունյանը, որովհետեւ իր մակարդակի իրավագետի պարագայում դա կարող էր արվել միայն մեկ պատճառով` ակնհայտ դիտավորությամբ:

Եւ ուրեմն, Հարությունյանն ասելու շատ բան ունի ու թող դա սկսի իր հրաժարականի դրդապատճառի բացատրությունից։ Միայն թե հուսանք` այդ պարագայում էլ չի ասի, թե ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարական է տվել «մարդկային եւ մասնագիտական արժանապատվության» դրդմամբ:

Որովհետեւ, մարդ ես, կարող է պարզվել, որ մենք գործ ունենք ոչ թե անփութության արդյունքում առաջացած պարզ ճգնաժամի, այլ մի խումբ անձանց կողմից Սահմանադրական դատարանի` դիտավորությամբ կազմակերպված բռնազավթման հետ, կամ ինչպես պարոն Հարությունյանն է սիրում ասել` «ահաաբեկչական ակտի» հետ:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Զելենսկին Պուտինին առաջարկել է բանակցություններ անցկացնել Դոնբասի թեմայով ‘
Հաջորդ հոդվածը‘Աժ նիստ. Ուղիղ’