‘Տնից վտարված ՀՀ քաղաքացուն Թուրքիայում ապաստան եւ բնակարան տալիս են, Հայաստանում՝ ոչ ‘

1022

Այս օրերին, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկը մյուսի հետեւից «անակնկալներ» է հրամցնում Հայաստանի կառավարությանը՝ որոշումների տեսքով պահանջելով փոխհատուցել ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքները, «Պետական կարիքների» զոհերից Մարիամ Գիշյանն իր վեց երեխաների հետ շարունակում է ապրել ծանոթների տներում: Գիշերում են՝ ուր պատահի եւ շարունակում պայքարել՝ արդարության հասնելու հույսով: Առջեւում ՀՀ Նախագահի ընտրություններ են, եւ չենք կասկածում, որ այս մարդկանց կհիշեն, հերթական խոստումները կտան՝ նրանց քվեն ստանալու ակնկալիքով: Ինչպես եղել է նախորդ անգամ:

Երբ զրուցում էի Մարիամի հետ, նա ինձ մեկնեց փաստաթղթերի մի հաստափոր տրցակ, որը բաղկացած էր տարբեր տարիներին պաշտոնատար անձանց ուղղված դիմումներից, նամակներից, իր նամակներին տրված պատասխաններից: Մարիամ Գիշյանն իր երեխաների հետ մինչեւ 2004 թ. ապրում էր Երեւանի Լալայանց փողոցի 30 հասցեում: 2003 թ. դեկտեմբերի 9-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դռնբաց դատական նիստում քննել է քաղ. գործն ըստ հայցի «Հյուսիսային պողոտա եւ կասկադ» ԾԻԳ պետական ոչ առեւտրային կազմակերպության՝ ընդդեմ Մարիամ Գիշյանի՝ հողամասը եւ դրա վրա գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու վերաբերյալ պայմանագիր կնքելուն հարկադրելու եւ զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին: Մարիամը մեր զրույցի ժամանակ նշեց, որ ինքը դատից տեղյակ չի եղել եւ չի մասնակցել:

2004թ. փետրվարի 15-ին Մարիամն իր երեխաների հետ հայտնվում է փողոցում: Նրա ավագ որդին, որն այդ ժամանակ ծառայում էր բանակում, վերադառնում է եւ նույնպես հայտնվում փողոցում: Մարիամի երեխաներից, որոնք արդեն չափահաս են, միայն ավագ որդին ունի անձնագիր: Անցած ութ տարիների ընթացքում Մարիամ Գիշյանը դիմել է «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ, Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Սերժ Սարգսյանին: Մարիամին 04.11.2003 թ. ներկայացրել են առաջարկ, ըստ որի՝ նա կարող էր պայմանագիր կնքել եւ Երեւանի վարչական սահմաններում ստանալ կամ չորս սենյականոց բնակարան, կամ բնակարանի միջինացված շուկայական արժեքը, որն այդ պահին կազմում էր քսան հազար ութ հարյուր հինգ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Մարիամը պնդում է, որ ինքը Երեւանի Լալայանց 30 հասցեում ունեցել է վեց սենյականոց բնակարան՝ հարյուր երեսունհինգ քառակուսի մետր տարածությամբ, եւ հազար հարյուր երեսունհինգ քմ սեփական հողատարածք, իսկ իրեն առաջարկածը համարժեք փոխհատուցում չէ: 30.04.2011 թ. Սերժ Սարգսյանին ուղղած դիմումում գրել էր.

«Քանի որ իրականացրել եք իմ եւ երեխաներիս նկատմամբ սպիտակ եղեռն՝ զրկելով բնակարանից, ապրուստից եւ մարդու իրավունքներից, ես եւ երեխաներս հրաժարվում ենք ՀՀ քաղաքացիությունից: Իմ տղաներին թույլ չեմ տալիս անբարոյական երկրում լինել զինվորներ: Քանի որ գումար չունեմ օվիրին որպես տուրք վճարելու համար, խնդրում եմ ինձ եւ իմ երեխաներին զրկեք ՀՀ քաղաքացիությունից: Պատասխանը կարող եմ ստանալ նախագահական վերահսկողության ծառայությունից, քանի որ հասցե չունեմ»: ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնից Մարիամին պատասխանել են. «Ի պատասխան 30.04.2011թ. դիմումի՝ հայտնում եմ, որ Ձեր կողմից արծարծված հարցի լուծումը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Մարիամը վերջին երկու տարվա ընթացքում երկու անգամ եղել է Թուրքիայում, որտեղ նրան խոստացել են քաղաքական ապաստան տալ, ապահովել բնակարանով եւ աշխատանքով: Իր խոսքերով՝ Մարիամը ստիպված է եղել դիմել այդ ծայրահեղ քայլին՝ ամենուր հանդիպելով մեր չինովնիկների բութ անտարբերությանը: Երբ նա վերջին անգամ փորձել է կրկին մեկնել Թուրքիա, մեր սահմանապահները նրան սահմանից ետ են դարձրել՝ ասելով, որ ինքը պարտք է Հայաստանին: Փոխարենը Մարիամն ինքն է իրեն թալանված զգում «պետական կարիքների» անվան տակ եւ պնդում է, որ ինքն այսօր ոչ մի հեռանկար չի տեսնում եւ չի կարողանում ապահովել իր երեխաների գոյությունը:

ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Ես այս հետապնդումը քաղաքական եմ համարում’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Սպասենք հետագա զարգացումներին ‘