‘Տնտեսագետ. Վաճառելով իր մասնաբաժինը՝ կառավարությունը պետք է հիմնավորի, որ ինքը վատ կառավարիչ է’

1028

Ըստ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի՝ «ՀայՌուսգազարդում» Հայաստանի կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը Հայաստանին թույլ է տալիս ընկերության տնօրենների խորհրդում ունենալ անդամ՝ մասնակցելով կառավարման գործընթացին: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ բաժնեմասը թույլ է տալիս ՀՀ կառավարությանը  տարին մեկ անգամ  պահանջել իրականացնել արտաքին աուդիտ՝ պահանջելով ստուգումներ կատարել: Բաժնեմասի մյուս առավելությունն ընկերության գործունեության հաշվին շահույթ ստանալ է:  

« Իսկ թե մեր կառավարությունը որքանով է օգտվել կառավարման այս իրավունքներից, հայտնի չէ. կառավարությունը չի ներկայացնում համապատասխան տեղեկատվություն: Եթե ինքը չի օգտվել, նշանակում է՝ ինքը վատ կառավարիչ է, իսկ վատ կառավարիչի ձեռքում այդ ակտիվները անիմաստ է պահել»,- նկատեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ գազամատակարարումը կարևոր ոլորտ է, և եթե ներկայումս իրավիճակը վատ է, ապա ապագայում ավելի լավ կառավարության շնորհիվ հնարավոր է ավելի լավ կառավարում իրականացնել:

Հիշեցնենք, որ կառավարությունը բերում է փաստարկ, որ վաճառելով իր մասնաբաժինը՝ դրանով կլուծի առաջիկա հինգ տարում գազի գնի անփոփոխ մնալու հարցը:

«5 տարվա ընթացքում շատ բան կարող է փոխվել, հնարավոր է իրանական կողմից ավելի շահավետ գազ ներկրել, հնարավոր է՝ այլընտրանքային գազամակարարման այլ համակարգ ի հայտ գա»,- մանրամասնում է Սուրեն Պարսյանը՝ նկատելով, որ եթե կառավարությունը վերջնականապես որոշի վաճառել իր բաժնեմասը, ապա պետք է հանդես հա համապատասխան հիմնավորմամբ, այն է՝ որ ինքը վատ կառավարիչ է:

Տնտեսագետը վստահ է, որ  պետությունը ռազմավարական նշանակության ոլորտներում պետք է պահպանի իր մասնաբաժինը՝ ապահովելով պետական երաշխիքներ ու վստահություն ներդրողների շրջանում:

«Հայաստանի կառավարությունը որդեգրել է վայրի լիբերալ կառավարման ձև՝ ամեն ինչ տալով մասնավորին, ինչը, ըստ իս՝ սխալ կառավարման ու մոտեցումների արդյունք է: Ամեն ինչ տալով մասնավորին՝ դրանով իսկ բացառվում է «պետություն-մասնավոր հատված» համագործակցության հնարավորությունը, ինչը ներկայիս համաշխարհային տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դիմել է Ռուսաստանին՝ Սնոուդենին հանձնելու խնդրանքով’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանը դեռ դուրս չի գրվել’