‘Տնտեսական աճի հիմնական խոչընդոտը շինարարության ոլորտն է, կարծում է վարչապետը’

845

«Այս պահի դրությամբ տնտեսական աճի հիմնական խոչընդոտը շինարարության ոլորտն է: 2013 թ. առաջին ութ ամսվա վիճակագրական տվյալներով՝ ոլորտում ունենք 8.5 տոկոս անկում, իսկ շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմում է 12 տոկոս», — հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում:

Վարչապետի հավաստմամբ, 2014 թ. շինարարության ոլորտը լինելու է կառավարության առաջնային թիրախը, և գործադիրը մշակում է ծրագրեր` ոլորտն էապես խթանելու նպատակով: Ինչպես նշվում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում, խոսքը, մասնավորապես, հիփոթեքային վարկով բնակարանների ձեռքբերման և էկոնոմ դասի բնակարանաշինության ծրագրերի մասին է: 2014 թ. տնտեսական աճի խթանման և բիզնես միջավայրի բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից նախատեսված միջոցառումների շարքում վարչապետ Սարգսյանը կարևորել է ավիացիայի ոլորտի ազատականացման քաղաքականության որդեգրումը,  վենչուրային հիմնադրամի ստեղծումը, արտահանման ապահովագրական ընկերության, արդյունաբերական հիմնադրամի և «ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատանքները:

Վարչապետը նշել է, որ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը երեք կետով առաջ է անցել՝ զբաղեցնելով 37–րդ տեղը, և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումները շարունակական են լինելու։ Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է աղքատության հաղթահարման ուղղությամբ պետության որդեգրած սոցիալական նոր քաղաքականությանը, կենսաթոշակային բարեփոխումներին, մանրամասներ ներկայացրել դրանց վերաբերյալ:

Նիստի օրակարգի շրջանակում խորհուրդը քննարկել և հաստատել է նախորդ նիստի արձանագրությունը, ՀԱՄՀ 2014 թ. տարեկան ծրագիրը և բյուջեն, անդրադարձել միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՄՀ համագործակցությանը և ապագա ծրագրերին:

Նախորդ հոդվածը‘Էկոնոմիկայի նախարարը համաձայնեց Լ. Զուրաբյանի հետ. Բյուջեի զգալի մասը մսխվում է’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ’