‘Տոկիոյում կանայք նոր նահանգապետի ընտրությունը նշում են սեքս-գործադուլով’

1019

Տոկիոյի նոր նահանգապետի ընտրությունը նշանավորվել է անսովոր գործադուլով. ճապոնուհիները որոշել են մերժել սեքսն այն տղամարդկանց հետ, ովքեր անցյալ կիրակի տեղի ունեցած ընտրություններում քվեարկել են այդ քաղաքական գործչի օգտին:  Նախնական տվյալներով՝ Յոիթի Մասուձոեն ստացել է ավելի քան երկու միլիոն ձայն՝ զգալիորեն առաջ անցնելով երկու ամենամոտ մրցակիցներից: Նոր նահանգապետին արդեն շնորհավորել է երկրի վարչապետ Սինձո Աբեն: Սակայն մինչ նախընտրական ծրագիրն իրականացնելը՝  նոր նահանգապետը պետք է հանդարտեցնի զայրացած կանանց: Բանն այն է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում տղամարդկանց համար նախատեսված մի ամսագրի տված հարցազրույցում քաղաքական գործիչն անզգուշորեն հայտարարել էր, թե կանայք կառավարությունում աշխատելու համար պիտանի չեն՝ մենստրուացիոն ցիկլերից կախվածության պատճառով, և նրանց չի կարելի կարևոր որոշումներ վստահել, քանի որ դառնում են «ոչ ադեկվատ»:

Twitter-ում Մասուձոեի օգտին քվեարկած տղամարդկանց հետ սեքսը մերժող կանանց թիվը հասել է 3 հազարի:

Վարչապետ Աբեն, մինչդեռ, ընդամենը մեկ ամիս առաջ Դավոսի տնտեսական ֆորումում խոստացել էր, որ մինչև 2020 թ.  առաջնային դիրքերի 30 %-ը կզբաղեցնեն կանայք, թեպետ դիտորդների կարծիքով՝ այդ նպատակն իրատեսական չէ:

Տոկիոյի նահանգապետի ընտրությունները տեղի են ունեցել Նաոկի Ինոսեի հարկադրական հրաժարականից հետո, ում կասկածում էին նախընտրական քարոզարշավի  համար ինչ-որ առևտրական ֆիրմայից 50 մլն իեն ստանալու մեջ, փոխանցում է newsru. com-ը: 

Նախորդ հոդվածը‘Երվանդ Բոզոյան. Իշխանությունները չեն գիտակցում Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացների ողջ վտանգը’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսը Ռուսաստանից երկու մլրդ դոլարի զենք կստանա, պարզել է մամուլը’