Տոկիոն հերքել է վարչապետի որդու կողմից ծառայողական դիրքը չարաշահելու վերաբերյալ լուրը

244

Ճապոնիայի ԱԳՆ-ն երկուշաբթի հերքել է այն տեղեկությունը, թե երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդայի որդին արտասահմանյան ուղևորության ընթացքում ապօրինաբար օգտվել է պաշտոնական դիվանագիտական ավտոմեքենաներից՝ զբոսաշրջության նպատակներով։

Այդ մասին ասվում է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցմանը նախարարության գրավոր պատասխանում, հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը։

Փաստաթղթում ասվում է, որ վարչապետի որդին՝ Սյոտարո Կիսիդան, որը պաշտոնապես հոր՝ քաղաքական հարցերով քարտուղարի պաշտոնն է զբաղեցնում, արտասահմանյան գործուղման ընթացքում տուրիզմով չի զբաղվել և չի այցելել տեսարժան վայրեր, իսկ Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչության ավտոմեքենաներն օգտագործվում են միմիայն ծառայողական նպատակներով։

Հունվարի 26-ին «Սուկան սինտյո» շաբաթաթերթը հաղորդել էր, որ վարչապետի 32-ամյա որդին այս ամիս ուղեկցել է հորը Մեծ յոթնյակի մի քանի երկրներ և այդ այցերի ընթացքում ճապոնական դեսպանատների ավտոմեքենաներով այցելել է զբոսաշրջության օբյեկտներ Փարիզում և Լոնդոնում, ինչպես նաև գնումներ է կատարել հանրախանութներում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ն պնդում է՝ դաշնակիցները «միջուկային հովանոցի» կարիք ունեն
Հաջորդ հոդվածըԶինծառայող է վիրավորվել