Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովի տպավորիչ հաղթանակն ու մեդալը

712

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը 63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում մենամարտեց Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2017թ․ Ասիայի չեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱՄՆ-ում բնակվող Էլնուր Աբդուրաիմովի հետ, որը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթել էր տաջիկ Բախոդուր Ուսմոնովին։

2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը տպավորիչ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5։0, դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։

Էլնուր Աբդուրաիմովի հետ մենամարտի առաջին ռաունդում բոլոր մրցավարներն առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին, երկրորդ ռաունդում եւս նույն հրաշալի պատկերն էր Բաչկովի համար։ Որոշիչ երրորդ ռաունդում էլ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը ոչ մի շանս չտվեց մրցակցին դիպուկ հարվածաշարերով:

Հովհաննես Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ամերիկացի Քեյշոուն Դեւիսը, որը քառորդ եզրափակիչում 4։1 հաշվով հաղթել է ռուսաստանցի Գաբիլ Մամեդովին։ Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 6-ին։

Նախորդ անգամ օլիմպիական մեդալ բռնցքամարտում Հայաստանը նվաճել էր 2008թ․ Պեկինի Խաղերում։ Վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Նախորդ հոդվածըՏոկիո-2020․ Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր
Հաջորդ հոդվածըԱլեքսանդրա Կոստենյուկը նվաճեց աշխարհի գավաթը