‘Տոնածառի տոնին էլ գլխաքանակ ապահովեց «վարչական ռեսուրսի» հաշվին’

1179

Պարզվում է` իշխանությունները միայն օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցող միջոցառումներին ու ՀՀԿ-ի հանրահավաքներին գլխաքանակ ապահովելու համար չէ, որ մարդկանց քշում-բերում են հրապարակներ:

Նախօրեին երեկոյան Հանրապետության հրապարակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորապես վառեց հանրապետության «գլխավոր տոնածառի» լույսերը (4 տարեկան զարմիկիս` Առնոյի համար աշխարհի գլխավոր տոնածառը մեր տանը, «տումբոչկայի» վրա դրված կեսմետրանոց արհեստական ծառն է): Ինչեւէ, Ցելսիուսի սանդղակով մինուս 7 աստիճան ցրտի համար հրապարակը բավական բազմամարդ էր:

Քաղաքի իշխանությունները այս անգամ էլ կիրառել էին հին ու փորձված մեթոդը`վարչական շրջանների, պոլիկլինիկաների, դպրոցների աշխատողներին կարգադրել էին` «իրիկունը ուղիղ ժամը յոթին լինել հրապարակում»:

«Գոնե մեքենաներով ապահովեին. էդ սառնամանիքին հերիք չի` մի ժամ կանգնել ենք հրապարակում, մինչեւ Տարոնը գա-գնա, դրանից հետո էլ մի ժամ կանգառում ենք սպասել», — արդեն տոնակատարությունից հետո բողոքեց հարեւանուհիս, որն աշխատում է վարչական շրջաններից մեկի աշխատակազմում:

Հարցիս` իսկ հնարավոր չէ՞ր չգնալ, պատասխանում է. «Ո՞նց  չգնամ, մեկ-երկու՝ կասեն` գնա նստի տունդ»:   

Հրապարակը, հիշեցնեմ,  երեկ մարդաշատ էր: Միջոցառումը վարող երիտասարդը պարբերաբար հիշեցնում էր մարդկանց, որ նրանք այս գեղեցիկ տոնի համար պարտական են Երեւանի քաղաքապետարանին ու անձամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Վերջինս ժպիտը դեմքին վառեց տոնածառի լույսերն ու արագ հեռացավ սեւ մեքենայով: Մարգարյանի գնալուց հետո «տոնի բուն շահառուները», միմյանց վրա հենվելով, որպեսզի չսայթաքեն կեղտոտ ձնով ու սառույցով պատված սալահատակի վրա, հեռացան:  

Նրանց մեծ մասը չնկատեց էլ մի քանի քաղաքացիների կազմակերպած բողոքի ցույցն ընդդեմ Տարոն Մարգարյանի: Ոստիկանությունը հասցրել էր օպերատիվ կերպով չեզոքացնել ակտիվիստներին` թույլ չտալով նրանց մոտենալ քաղաքապետին ու պատասխանատու հեռուստաալիքների տեսախցիկներին:  Իսկ տեսախցիկները մինչ այդ հասցրել էին ֆիքսել ամենակարեւորը` ժպտացող Տարոն Մարգարյանին ու նրան շրջապատող գլխաքանակը:

Հակոբ Կարապետյան          

Նախորդ հոդվածը‘ Համանախագահները հանդիպել են արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին’
Հաջորդ հոդվածը‘«Արևմտամենթերի» նոր հայտնագործությունը’