‘Տուժողները՝ Վարդան Պետրոսյանի փաստաբանին. «Ես քեզ ճակատից եմ գյուլլելու»’

1422

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական հերթական նիստն այսօր՝ հուլիսի 18-ին, սկսվեց միջադեպով, ինչի հետեւանքով դատավորը սանկցիա կիրառեց եւ դահլիճից հեռացրեց տուժողներ Հայկ եւ Արթուր Հակոբյաններին, իսկ դերասանին սատարելու եկած քաղաքացիներից՝ Անահիտ Մարգարյանի նկատմամբ կիրառեց նախազգուշական սանկցիա, փոխանցում է News.am-ը:

Տուժող Էմմա Հակոբյանի հարցաքննության ժամանակ Էմմայի հորը՝ Հայկ Հակոբյանին բարկացրեցին Նիկոլայ Բաղդասարյանի հարցերը, եւ նա սկսեց հայհոյել։

Դատավորը հեռացրեց նրան դատարանի դահլիճից, հեռանալուց առաջ Հայկ Հակոբյանը սպառնաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին. «Ես քեզ ճակատից եմ գյուլլելու»։

Նիկոլայ Բաղդասարյանն էլ միջնորդություն ներկայացրեց՝ դատարանին խնդրելով դիմել դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։

«Համբերել եմ առաջին օրվանից, տարել հայհոյանքներն իմ անձի նկատմամբ, եւ ասեմ՝ համբերատար սպասել եմ, ասել՝ հասկանում եմ նրանց վիշտը, սակայն չի դադարում այս վիճակը»,- դժգոհեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը միջամտեց՝ խնդրելով իր փաստաբանին հետ վերցնել միջնորդությունը։

«Ես հասկանում եմ իմ պաշտպանին, բայց ես այդ հայհոյանքներն իմ վրա եմ վերցնում, դրանք ինձ են ուղղված, խնդրում եմ դա հետ վերցնել, չեմ ուզում նոր գործ՝ սա չվերջացած»,- ասաց դերասանը։

Նիկոլայ Բաղդասարյանը հետ վերցրեց իր միջնորդությունը։ Դատական նիստը շարունակվում է։

 

Նախորդ հոդվածը‘Հնագետին սպանած Ավգուստին Աբրոյանը կալանավորվել է’
Հաջորդ հոդվածը‘Air Armenia-ն դեպի Մոսկվա կիրականացնի օրական 3 թռիչք’