‘Տուրչինովը հայտարարել է ուկրաինա-ռուսաստանյան սահմանը «ծածկելու» գործողության ավարտի մասին’

975

Ուկրաինայի գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ երկրի Զինված ուժերն ամբողջությամբ ծածկել են ուկրաինա-ռուսաստանյան սահմանը:

«Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ մեր Զինված ուժերի ստորաբաժանումները մոտեցել են Լուգանսկի մարզի Իզվարինո բնակավայրին և դրանով իսկ, փաստորեն, ավարտել սահմանը ծածկելու գործողությունը»,- ասել է Տուրչինովը՝ այսօր առավոտյան բացելով խորհրդարանի նիստը:

Ռուսաստանի հետ սահմանում վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել է նախագահ Պյոտր Պոռոշենկոն: Ըստ նախագահի՝ այդ միջոցառումը կդառնա ամենահիմնական միջոցներից մեկը՝ Լուգանսկի և Դոնեցկի մարզերում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ:

Մինչդեռ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը կասկածում է, թե Ուկրաինայի գերագույն ռադայի ղեկավարի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը: «Իհարկե, կարելի է պնդել, թե Լուսնի վրա այգի է ծաղկում, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ դա այդպես չէ: Գուցեև ինչ-որ տեղ նրանք ինչ-որ բան ծածկել են, բայց մեզ մոտ այստեղ պատերազմ է , և այստեղ նրանք ոչինչ էլ չեն վերահսկում, ոչի մի կառույց չեն կառուցել ու ոչ մի փշալար էլ չեն անցկացրել»,- Интерфакс-ին հեռախոսով հայտնել է Պուրգինը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի պատգամավորները պահանջում են պատժել իրավապաշտպան Լեյլա Յունուսին’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան տապալեց Շվեյցարիայի հավաքականին (տեսանյութ)’