‘Տրագիկոմեդիա մեկ գործողությամբ’

957

Հերիք էր՝ Սերժ Սարգսյանը, դեմքի շփոթված արտահայտությամբ, հայտարարեր Մաքսային միություն մտնելու մասին, ու ինքնանվաստացման ծրագրի շրջանակներում շնորհակալություն հայտներ Վլադիմիր Պուտինին ընդունելության համար, երբ հայաստանյան «արևմտամետներն» անմիջապես «դավանափոխ» եղան, իսկ սովետի հոտով ներծծված «տիտղոսային մտավորականները» նետվեցին իրենց հին գործը կատարելու։

Սեպտեմբերի 3–ից հետո սկսվել է «սոցմրցություն» Պուտինին քծնելու և «ՌԴ–ի ամենալավ վասալը» մրցանակին արժանանալու համար։

Նկատենք, որ Սերժ Սարգսյանն այդ հարցում լուրջ մրցակիցներ ունի։ Բոլորն էլ ուզում են հնարավոր բոլոր միջոցներով մտնել այնտեղ, ուր սովորաբար մտնում են «նաչալստվային» հաճոյանալ ձգտողները։

ՀՀԿ ղեկավարն ու համատեղությամբ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը չի ամաչում ու շնորհավորում է Մոսկվայի քաղաքապետին։ Նա կարծում է, թե այդպիսով վաստակելու է Կրեմլի վստահությունը։ Ադրբեջանական ԿԳԲ–ի դպրոցն անցած և կոմսոմոլական կարիերա արած մարդն այդպես էլ չհասկացավ, որ ստորաքարշությամբ և անարժանապատիվ կեցվածքով գործընկեր չեն դառնում և վստահություն ձեռք չեն բերում։

Սկզբունքայնության ու արժանապատվության մասին ունեցած ուրույն պատկերացումներով Սերժ Սարգսյանին չի զիջում վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով պատրաստ է թռչել Մոսկվա (բնականաբար՝ չարտերով) և անգամ Կրեմլի պահակին հանդիպել, միայն թե ՌԴ–ում մտածեն, որ ինքը ռուսամոլ է և մանկուց երազել է Մաքսային միություն մտնելու մասին։

Կիպրոսի օֆշորային գոտիներում «արևմտյան» արժեքները յուրացրած վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնիսկ թեզեր է առաջ քաշել Մաքսային միությանը միանալու օգտակարության մասին։ Մինչդեռ ամիսներ առաջ նա փրփուրը բերանին հիմնավորում էր, թե ինչու հնարավոր չէ Մաքսային միության մաս կազմել։

Տիգրանից հետ չի մնում նաև մեկ այլ նախկին ԱԺՄ–ական Շավարշ Քոչարյանը, ում «անկախ» լրատվամիջոցները «ազգային հերոսի» կոչում էին տվել ՌԴ–ին ու Մաքսային միությանը հայհոյելու համար։ Այժմ Շավարշը ՀՀ–ՄՄ ինտեգրացիոն հանձնաժողովի կարկառուն դեմքերից է։

Կարող ենք արձանագրել, որ իշխանական վերնախավն այժմ կանգնած է Արտաշես Գեղամյանի առաջարկած քաղաքական գծի վրա՝ ԵՄ–ի հետ 3,5 տարի տևած բանակցություններից հետո լույսի արագությամբ հայտնվելով Եվրասիական միության մեջ։

Նկատելով «վերևների» տրամադրությունները՝ գործի մեջ են մտել նաև սովետական փլատակների տակ մնացած «մտավորականները»։

Տխրահռչակ Զորի Բալայանն այնպիսի քծնանք–նամակ էր գրել Պուտինին, որ միայն ամաչել կարելի է, որ այդ մարդու հետ նույն ազգն ես ներկայացնում։ Նա առաջարկում է Ղարաբաղը ներառել ՌԴ կազմի մեջ՝ փաստացի առևտրային առաջարկ անելով Սերժ Սարգսյանի անունից՝ «Վստահություն և ընկերություն՝ Ղարաբաղի հանձնման դիմաց» թեմայով։

Զորիին շտապեցին ծափահարել վաղուց մոռացված Ռազմիկ Դավոյանն ու Ստալինի նվիրած «շինելը» վրաներից չհանած մյուս հնամաշները։

Մի խոսքով, քծնանքի հուշ երեկոն մեկնարկել է։ Ընդունվում են կոլեկտիվ հայտեր։

Այս ամենը որպես կոմեդիա կարելի էր ընկալել, եթե Հայաստանին ու Ղարաբաղին չվերաբերեր։ Սա տրագիկոմեդիա է, որը կարելի է դադարեցնել միայն իշխանափոխությամբ։

Կորյուն Մանուկյան

www.7or.am

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Զորի Բալայանի դեպքում գործ ունենք «մտավորական» երեւույթի դեգրադացիայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Քեմբրիջից՝ Նուբարաշեն. Արամ Մուղալյանը ազատ արձակվեց (տեսանյութ)’