‘Տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման ընթացակարգը կպարզեցվի’

1140

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ նախատեսվող փոփոխությունների և լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է պրակտիկայում ի հայտ եկած որոշ խնդիրներով, տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելու, թափանցիկ դարձնելու հանգամանքով: ՀՀ ոստիկանության պետի տեղակալը անկյունաքարային անվանեց նոր օրենքով նախատեսվող՝ ԱՊՊԱ կտրոնների վերացման հարցը: Կատարվելիք փոփոխությունների արդյունքում՝ ավտոտրասպորտային միջոցի նկատմամբ միայն սեփականության իրավունքի պետական գրանցումը (եթե հաշվառում չի անցնում) չի ենթադրում ԱՊՊԱ պայմանագրի անհրաժեշտություն:

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերում օրենքի կարգավորման խնդիրներից բացի պատգամավորներն անդրադարձան նաև խցանումներին, ճանապարհային երթևեկության մի շարք այլ խնդիրների: Գլխադասային՝ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովում օրինագծերի փաթեթը մանրամասն քննարկվել և լրամաշակվել է: Հարակից զեկուցողը կարևոր փոփոխություն համարեց ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացն ավտոտրանսպարտային միջոցների հաշվառման գործընթացից տարանջատելը:

Ինչպես հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օրինագծերի փաթեթի վերաբերյալ հնչեցին մի շարք առաջարկներ և դիտողություններ, որոնք, ինչպես հավաստիացրեց հիմնական զեկուցողը, կքննարկվեն առաջինից երկրոդ ընթերցում ժամանակահատվածում:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ «Սոչի Պլազա» հյուրանոցում’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացուն անմեղ են ճանաչել 23 տարվա բանտարկությունից հետո ‘