‘Տրանսպորտի գինն ու «Սաշիկ սերվիզի» ախորժակը’

1573

Բաղրամյան 26–ում չկարողացան կյանքի կոչել մեկ ուղևորի հաշվարկով 50 դրամ ավել հավաքելու ծրագիրը։ Երիտասարդները ոտքի կանգնեցին ու միասնաբար «ոչ» ասացին 150 դրամին։

Վախենալով հետագա զարգացումներից՝ Սերժ Սարգսյանը որոշեց ժամանակավորապես հետ քաշվել և հետաձգել տրանսպորտի թանկացումը։ Արդյունքում՝ Տարոն Մարգարյանն ընթերցեց իրեն դեմ տված տեքստն ու տեղեկացրեց, որ կասեցնում է իր իսկ ընդունած որոշումը։

Իշխանություններն առայժմ չեն կարողանում լրացուցիչ փող հավաքել քաղաքային տրանսպորտի ուղևորներից, սակայն երկու օր է ինչ մտել են վարորդների գրպանը։

Ինչպես հայտնի է, օգոստոսի 1–ից Երևանի փողոցներում «պառկովկա» անելու համար պետք է վճարես։ Ճիշտ է, նախկինում էլ էիր վճարում թևկապով բիձեքին, բայց գոնե ստանում էիր «արի, արի, ռուլդ տակը կոխի դուրս արի» ծառայությունը, իսկ հիմա ՀՀԿ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանը, ով տարածված տեղեկությունների համաձայն հանդիսանում է փողոցներից փող հավաքող «Փարքինգ սիթի սերվիզի» տերը, ոչինչ չի անում, բայց փող է վերցնում։

«Սաշիկ սերվիզի» ներդրումն այն է, որ նա կարմիր գույնի ներկով կետագծեր է արել ասֆալտի վրա և տեսախցիկներ է տեղադրել փողոցներին, որպեսզի, պատկերավոր ասած, հավքն իր թևով և օձն իր պորտով չկարողանա առանց փող մուծվելու «ֆռֆռալ» Երևանի փողոցներում։

Ակնհայտ է, որ գործ ունենք կոռուպցիոն ռիսկերի հետ, քանզի անհասկանալի է, թե ինչու է քաղաքապետարանն ինքն իրեն զրկել եկամտի հսկայական աղբյուրից ու այն փոխանցել «մասնավորին»։ Նման բաները հենց այնպես չէին կարող արվել։ Պարզից էլ պարզ է, որ Բաղրամյան 26–ից Տարոնին հրահանգել են փողոցներից փող հավաքելու գործը հանձնել «Փարքինգ սիթի սերվիզին»։ Նմանատիպ «սերվիզները», հասկանալի պատճառներով, շարքային մահկանացուներին հասու չեն։

Փաստորեն, իշխանությունները գտել են թալանն օրինականացնելու և այն բարեփոխման անվան տակ անցկացնելու ձևը. «յուղոտ» պատառները հանձնում են «մասնավորին» և վերջ, իսկ քաղաքացիներին էլ ասում են, թե պետք է 50 դրամ ավել վճարես տեղաշարժվելու համար, քանզի «զապչաստը» թանկացել է և դոտացիայի փող չկա։

Հասարակության ակտիվ շերտերի գործն այժմ պետք է լինի ավտոկայանատեղիների այս թալանչիական գործարքը փոզմիշ անելն այնպես, ինչպես ստիպեցին իշխանություններին նախկին մակարդակին վերադարձնել տրանսպորտի գինը։

Ավտոկայանատեղիներից փող հավաքելու նախկին մեթոդը քաղաքակիրթ չէր և առկա էր հսկայական ստվեր, բայց շատ ավելի կեղտոտ և կոռուպցիոն է այն, ինչ կատարվել է «Փարքինգ սիթի սերվիզի» դեպքում։

Ո՛չ 150 դրամին, ո՛չ «Սաշիկ սերվիզին». սա՛ պետք է լինի ակտիվիստների պայքարի տրամաբանական շարունակությունը, որը պետք է բերի Տարոն Մարգարյանի հրաժարականին և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Ճանապարհային այս քարտեզով շարժվելու դեպքում հերթը կհասնի նաև «Սաշիկ սերվիզին» ու Բաղրամյան 26–ը փող աշխատելու «սերվիզի» վերածածներին։

Հ.Գ.։ Դե ձեզ տեսնենք, շոու բիզնեսի աստղեր և աստղիկներ։ «Վամ սլաբո՞» Սաշիկի սերվիզի դեմ պայքարելը։ Բոլորդ էլ մեքենաներ ունեք ու մի քիչ անհարմար բան կստացվի այլոց համար պայքարելը, բայց «պառկովկայի» համար գլուխը կախ մուծվելը։

Կարեն Հակոբջանյան

www.7or.am

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը պահանջում է վերջ տալ Երեւանի ճարտարապետական նկարագրի նկատմամբ վարչախմբի գիշատիչ վերաբերմունքին’
Հաջորդ հոդվածը‘Ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների. Ֆոտոշարք, տեսանյութ’