‘Տրանսպորտի թանկացման՝ քաղաքապետարանի հիմնավորումը կեղծ է. Վերլուծություններ’

2619

Երևանի քաղաքապետարանը երեկ ներկայացրել էր քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հիմնավորումը՝ միկրոավտոբուսի և ավտոբուսի մեկ ուղևորի ամսական կտրվածքով: Այս հիմնավորումը բուռն քննադատության է արժանացել ինչպես տնտեսագետների շրջանում, այնպես էլ՝ մամուլում և սոցիալական ցանցերում: Նշվում է, որ այս հիմնավորումը կեղծ է, կրում է մոլորեցնող բնույթ և ոչ մի կապ չունի իրականության հետ: Ստորև ներկայացնում ենք մի քանի կարծիքներ.

Հայ ազգային կոնգրեսի տնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ուղեվարձերի թանկացման ոչ մի հիմնավորում չկա:
Ավելին, ըստ նրա, քաղաքապետրանի հրապարակած փաստաթուղը հիմնավորում է ոչ թե թանկացման անհրաժեշտությունը, այլ այն, որ տնտեսվարողներն ու քաղաքապետարանը մինչ այժմ հսկայական գերշահույթներ են ստացել եւ շարունակելու են ավելի մեծ շահույթ ստանալ:
«Երբ ուսումնասիրում ենք «հիմնավորման» մեջ ներկայացված թվերը, մասնավորապես , մեկ միկրոավտոբուսի տեղափոխած ուղեւորների քանակը մեկ երթուղու ժամանակ, մեքենայի շահագործման վրա ծախսվող գումարները, վառելիքի ծախսը, եւ այլն, տեսնում ենք, որ թանկացման համար որեւէ հիմք չկա: Տնտեսվարողի վարկը ներկայացնում են որպես ծախս, այնինչ դա պետք է ներառել ոչ թե ծախսերի, այլ նրա ռիսկերի ոլորտ: Նման հաշվարկի պարագայում ուղեւորափոխադրումը դառնում է առանց ռիսկի բարձր եկամտաբերությամբ, հոյակապ բիզնես», — նշեց Վահագն Խաչատրյանը:
Ըստ քաղաքապետարանի հաշվարկի, մեկ երթուղու ժամանակ միկրոավտոբուսը տեղափոխում է 15, ավտոբուսը՝ 30 մարդ:
«Բայց բոլորս գիտենք, որ այս թվերը պետք է առնվազն կրկնապատկել, որովհետեւ միկրոավտոբուսները գրեթե առանց բացառության կանգնած ուղեւորներ են տեղափոխում, բացի դրանից, երթուղու ընթացքում անընդհատ ուղեւորները ելումուտ են անում: Նշված է, որ օրական մեկ մեքենան 6,5 երթ է կատարում, բայց սա էլ ֆիզիկապես հնարավոր չէ: Ամենաշատը՝ 5 երթ կարող է կատարել: Նշված է, որ միկրոավտոբուսի վարորդը ստանում է 150 հազար, իսկ ավտոբուսինը՝ 200 հազար դրամ աշխատավարձ: Հարցրեք ցանկացած վարորդի՝ 80 հազարից ավել աշխատավարձ չեն ստանում: «Հիմնավորման» մեջ գազի մեկ խմ գինը սահմանված է 215 դրամ, այնինչ հայտնի է, որ 200 դրամից ավելին չէ: Եվ այսպես, գրեթե բոլոր կետերում չափազանցություններ կան», — ասաց պարոն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով, նույնիսկ եթե ուղեվարձերի թանկացման անհրաժեշտություն լիներ, այն պետք է փոխհատուցվեր քաղաքային բյուջեի հաշվին:
«Փառք Աստծո, գումար նրանք ունեն, որից, օրինակ, 500 միլիոն տրամադրում են «Փյունիկ» հիմնադրամին: Թող դրա փոխարեն սուբսիդավորեն տրանսպորտի թանկացումը: Բայց ոչ,, քաղաքային իշխանությունները նախընտրում են ուղեւորափոխադրումն իրենց եւ «գծատերերի» համար շահավետ բիզնես դարձնել», — ամփոփեց տնտեսագետը:

«Հայկական ժամանակը» մոտավորապես նույնաբովանդակ վերլուծություն  ներկայացնում.

«Երեկ արդեն հայտնի դարձավ, որ Երևանում ներքաղաքային հանրային տրանսպորտի ուղեվարձը կթանկանա հուլիսի 20-ից։ Ավտոբուսային ու միկրոավտոբոաային երթուղիներում կգործի 150 դրամ սակագինը՝ նախկին 100 դրամի փոխարեն։ Տրոլեյբուսի ուղեվարձը 50-ից կդառնա 100 դրամ։ Մետրոյի ուղեվարձի սակագինը կմնա նույնը։ Երեկ այս մասին հայտարարել է Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Վերջինս նաև սենսացիոն հայտարարություն Է արել, ասելով, թե ուղեվարձի թանկացումն այնքան էլ կապ չունի գազի սակագնի բարձրացման հետ։ «Ուղեվարձի բարձրացման հայտերի հիմքում եղել է տարիների ընթացքում արձանագրված պարբերական գնաճը՝ ինչպես նոր մեքենաների ձեռք բերման, այնպես էլ պահեստամասերի, վառելանյութի և քսայուղերի մասով…»,-պարզաբանում է քաղաքապետարանը։ Սյդպիսով, ըստ էության, այս կառույցը խոստովանում է, որ ուղեվարձը թանկացնելու մտադրություն քաղաքային իշխանությունները ունեցել են շատ ավելի վաղ՝ մինչ գազի սակագնի փոփոխությունը՝ դեռևս անցյալ տարի։ Այսպես, տրանսպորտի վարչությունը այս կամ երթուղիները սպասարկելու մրցույթ հիմնականում կազմակերպել ու անցկացրել է նախորդ տարի։ Տնտեսվարողները մասնակցել են այդ մրցույթին, շահել սպասարկելու իրավունքը։ Մրցույթի պայմաններից մեկն էլ եղել է տրանսպորտի դեռևս գործող՝ 100 դրամ ուղեվարձը։ Նշանակում է՝ եթե նրանք ցանկություն են հայտնել երթուղիներ սպասարկել, ուրեմն այդտեղ պետք է որ շահ տեսնեին։ Բայց այսօր քաղաքապետարանը մեզ ասում է, որ տարիներ շարունակ համատարած թանկացումներ են եղել։ Մրցույթից հետո թանկացել է միայն գազը, որն, ինչպես արդեն նշեցինք, քադաքապետարանը ուղևարափոխադրումների թանկացման հիմնական պատճառ չի համարում։ Եւ ստացվում է՝ եթե իսկապես ուղեվարձի թանկացումը օբյեկտիվ է՝ շատ այլ բաղադրիչների դեպքում արձանագրված գնաճից ելնելով, ապա տնտեսվարողներին ի սկզբանե, հենց մրցույթի ժամանակ ձեռնտու չպետք է լիներ 100 դրամ ուղեվարձը։ Բայց եթե նրանք գնացել են այդ քայլին ու ստանձնել են երթուղիները սպասարկելու գործը, նշանակում է այդ տնտեսվարողներին քաղաքապետարանը ի սկզբանե է խոստացել, որ ուղեվարձը բարձրանալու է։ Ձգձգման պատճառը թերևս, այս տարվա մայիսին անցկացված քաղաքապետի ընտրություններն էին։ Մինչ այդ քաղաքացիներին զայրացնելը շատ անհեռատես քայլ կլիներ։ Իհարկե, ակնհայտ է նաև, որ ընտրություններից հետո էլ հանրային տրանսպորտի թանկացմանը իշխանությունները խիստ զգուշավոր մոտեցում էին ցուցաբերում։ Իսկ երևանցիների համար ուղեվարձի 50 դրամով աճը բավական ծանր հարված էր, և այսօր ժամը 11-ին քաղաքապետարանի մոտ նախատեսված է բողոքի ակցիա։
Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ ուղեվարձի թանկա ցումը իրականացվել է աչքաչափով։ Քաղաքապետարանի կայքում տեղադրվել է ուղեվարձի «տնտեսագիտական հաշվարկ-հիմնավորում», ըստ որի, ուղեվարձը ամենևին էլ չպետք է թանկանար։ Գուցե նույնիսկ պետք է էժանանար։ Այսպես, ըստ քաղաքապետարանի «հաշվարկի», յուրաքանչյուր միկրոավտոբուս ամեն երթի ժամանակ տեղափոխում է 15 ուղևոր։ Մեր միկրոավտոբուսները 14 տեղանոց են։ Նշանակում է, ըստ քաղաքապետարանի, երթուղային տաքսիները կանգնած մարդ չեն տեղափոխում, կանգառներում ուղևորներ չեն իջնում, նորերը չեն նստում։ Իրականում, յուրաքանչյուր երթի ընթացքում մեկ միկրոավտոբուսը տեղափոխում է մոտ 30-35 ուղևոր՝ առնվազն։ Մեկ խորանարդ մետր գազի գինը «հաշվարկ-հիմնավորման» հիմքում դրված է 215 դրամ, այնինչ իրականում, դրա գինը ներկայումս 200 դրամ է առավելագույնը։ «Հաշվարկ-հիմնավորման» մեջ հետաքրքիր տողեր կան։ Գծատիրոջ շահույթը սահմանված է 5 տոկոսի չափով։ Բայց դրան ավելանում են «Վերադիր ծախսեր»՝ ամսական ավելի քան 47 հազար դրամ, «Երթուղու սպասարկման վճար» ամսական 16 հազար 500 դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ արդեն ներառված են հարկերը, ամորտիզացիան, մեքենայի սպասարկման բոլոր ծախսերը։ Այսինքն, այս հաշվարկից պարզ է դառնում, որ ուղեվարձի թանկ լինելը պայմանավորված է հիմնականում նրանով, որ տրանսպորտի վրա փող են աշխատում թե՛ պետական բյուջեն, թե քաղաքային բյուջեն։ Աշխարհի որևէ նորմալ երկրում նման իրավիճակ պարզապես բացառվում է։ Տրանսպորտը դիտարկվում է ոչ թե բյուջեն լցնելու միջոց, այլ ճիշտ հակառակը՝ բյուջեն է հսկայական փող ծախսում տրանսպորտի վրա։ Բայց Հայաստանը ոչ մի կերպ չի կարելի դասել նորմալ երկրների շարքում։ Չե՞ք հավատում, հարցրեք երթուղայինի մեջ անբնական պոզաներով կանգնած մարդկանց, հարցրեք ամռան շոգին ավտոբուսի մեջ իրար գրկած, կանգնած ուղևորներին։ Վերջիններս շուտով մեկուկես անգամ ավելի շատ գումար կվճարեն որպես ուղեվարձ, բայց կշարունակեն այդ պոզաներով երթևեկել։ Ու ընդհանրապես, մայրաքաղաքի տրանսպորտի հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Տարոն Մարգարյանը սկսի պիկ ժամերին հենց նման պոզաներով գնալ աշխատանքի ու աշխատանքից տուն»։

* * *
Երևանի քաղաքապետարանի կողմից տարածված հասարակական տրանսպորտի գնի հիմնավորումը կրում է մոլորեցնող բնույթ և ոչ մի կապ չունի իրականության հետ, ասված է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
«Չքննարկելով հաղորդագրության մեջ ներկայացված ուռճացված ծախսերը, մեքենայի ամորտիզացիայի համար սահմանված 60 ամիսը՝ ձեր ուշադրությունն ենք հրավիրում իրենց կողմից տարածված հաղորդագրության 16-րդ կետով տրված 5.850 ուղևորների փաստի վրա: Հիմնական մոլորեցումը հենց այստեղ է. ամսական 5.850 ուղևոր նշանակում է՝ օրական 195 ուղևոր:
Նույն հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ միկրոավտոբուսն օրական կատարում է 6.5 շրջապտույտ (շրջապտույտը 32 կմ), իսկ սա նշանակում է, որ միկրոավտոբուսը շրջապտույտ կատարելիս տեղափոխում է (195/6.5) 30 ուղևոր, այսինքն մոտավորապես 16 կմ ճանապարհ անցնելիս (օրինակ Աջափնյակից Էրեբունի) տեղափոխում է ընդամենը 15 ուղևոր, այն դեպքում, երբ իրականում տեղափոխում է նվազագույնը 25-30 ուղևոր: 25 ուղևորի հետհաշվարկով ստացվում է օրական ոչ թե 195 այլ՝ 325, իսկ ամսական ոչ թե 5.850, այլ 9750 ուղևոր: Եվ անգամ այս ուռճացված ծախսերի պարագայում՝ 870.190 դրամ, հարաբերակցությունը 9.750 ուղևորների պարագայում չի գերազանցում 100 դրամը (կազմում է 83 դրամ՝ չհաշված շահույթը):
Կոչ ենք անում պատկան մարմիններին, քաղաքական և հասարակական միավորումներին շտապ ձեռնարկել նշված փաստերի և ստեղծված այս իրավիճակի լուծմանն ուղղված մեխանիզմների քննարկում»,-ասված է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ըստ քաղաքապետարանի ներկայացրած տվյալների՝ մեկ ուղևորի փոխադրման համար ծախսվում է 144.9 դրամ:

* * *
Ռուբեն Դալլաքյան (ֆեյսբուք)

«Քաղաքապետարանից կայքում ուղևորավարձի գների «հիմնավորումն» է բերված..
ու էս կոչվում ա հիմնավորում…
1.Մեկ ամսվա ընթացքում գազելը 262 000 դրամի գազ է ծախսու՞մ: Օրը 8700 դրա՞մ: Գժվել ե՞ք… հարցրեք ցանկացած վարորդի՝ օրը 2 անգամից շատ լիցքավորում չի անում, հեն է գրել եք օրական 215 կմ: Բոլորն էլ գիտեն, որ 215 կմ քշելու համար 4 անգամ 2000դր անոց լիցքավորումը շաաաաատ շաաատ ա!!!!
2. Յուղի ծախս. 1 լ յուղի համար 1900 դր… էդ սուպերմեքենայի յուղ ե՞ք լցնում, արաա!!!!
3.Պահեստամասեր, ընթացիկ նորոգում (նախկին նորմ — 20%)՝ 65.000 դրամ: Այսինքն տարեկան մոտ 2000$ -ի վերանորոգում եք անում??? Ժողովուրդ, զգում եք չէ,՞ ինչ թվեր են «նկարում»…
4.Ավտոմեքենայի ամսական ամորտիզացիան (ներառյալ վարկի %)՝ 190.138 դրամ (11,408,280/60): բերված է լրիվ նոր գազելի գնման 5 տարով վարկի ամսական վճարներն ու ամորտիզացիան: Այսինքն ասել կուզի, որ 5 տարուց հին գազել չկա հա՞ մեր երթուղիներում: Գազելների հիմնական մասը վաղուց արդեն հանել են իրենց գինը մի քանի անգամ, տակը բան չի մնացել, բայց դեռ շարունակում են շահագործվել……
5. ՈՒ ՎԵՐՋՈՒՄ, ԱՄԵՆԱԾԻԾԱՂԵԼԻՆ` Շահույթ 5%!!! մի ուղևորի փոխադրման համար ըստ ներկայացված «հիմնավորման» իրենք 138 դր ծախս են անում: ՔՈՌԱՆԱՄ ԵՍ, փաստորեն խեղճ գծի տերերը մինչև հիմա ԱՀՌԵԼԻ վնասներով էին աշխատում, չէ՞ որ գինը 100 դր ա: Դրան գումարած բոլորը աչքերը տնկում էին խեղճերի ունեցվածքի վրա, թե բա միլիոններ են բռնում էդ գծի տերերը…
Տեսնես էս վնասաբեր բիզնեսի համար ինչու՞ էին իրար սպանում, հիշենք, չմոռանանք էլի էս հարցերի հետ կապված սպանությունները…
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ` էդ ո՞նց է մի ուղևորի փոխադրման համար 138 դր ծախսվում, երբ գազի թանկացումը չնչին տարբերություն է տալիս, իսկ 100դր-ով մինչև թանկացումը: Լավ էլ շահութաբեր էր մարդկանց բիզնեսը: Ու մեկ էլ պահանջում եմ նախորդ տարիների ուղևորավարձերի արժեքների հիմնավորումները: Տեսնենք հլը հանկարծ էդ ի՞նչը փոխվեց…………..»

Սոցցանցերում օգտատերերը հայտնում են նաեւ, որ արդեն այսօր որոշ երթուղայիններում հայտարարություններ են փակցված. «Վաղվանից ուղեվարձը թանկանալու է: Կներեք, ժողովուրդ ջան, մենք մեղավոր չենք»:

Վերջում ներկայացնենք մարտի 28-ին PanArmenian.Net-ում հրապարակված՝ «Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ վստահեցրել է՝ տրանսպորտի սակագինը չի բարձրանա» վերնագրով լուրը.
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր անդրադարձել է տրանսպորտի սակագնի բարձրացման մասին վերջերս շրջանառվող խոսակցություններին՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ նման որոշում չի կայացվել ու առաջիկայում չի նախատեսվում. «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ»,-ընդգծել է քաղաքապետը:
Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ավագանու ընտրություններից հետո տրանսպորտի սակագինը կբարձրանա մինչև 200 դրամ»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Որոշ ժամանակ անց շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք’
Հաջորդ հոդվածը‘Սա վերլուծական հոդված չէ’