‘Տ. Աբգարյանին սպանել են հատուկ ջոկատայինները, զինվորներին դարձրել էին վարձկաններ. Նոր բացահայտումներ Մարտի 1-ի գործով’

2864

Երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը խոսեց նաեւ մարտիմեկյան սպանդի, այդ առիթով հարուցված քրեական գործի նոր մանրամասների մասին:

Դրանց մի մասը հայտնի էր հանրությանը, պարզապես նախկին իշխանությունները հերքում էին դրանք, մի մասն էլ նորություն էր:

0038-ով՝ ընտրությունները ԿԸՀ-ից առաջ էին «ամփոփվել»

0038 գաղտնի հրամանը, որտեղ խոսվում է ընտրությունների արդյունքների մասին, արձակվել է այն ժամանակ, երբ դեռ ԿԸՀ-ն չէր հրապարակել ընտրությունների մասին վերջնական արդյունքները: Հրամանն արձակվել էր փետրվարի 23-ին, ԿԸՀ-ն որոշումը հրապարակել է փետրվարի 24-ին: (Ի դեպ, այդ ժամանակ դեռ ՍԴ վճիռն էլ չկար): Խաչատրյանի խոսքով, փաստացի՝ ԿԸՀ որոշումից մեկ օր առաջ Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանը տեղյակ էին, որ ԿԸՀ-ն պետք է 2008 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին ճանաչի հաղթած թեկնածու, միջազգային կառույցները պետք է դիտարկեն այդ ընտրությունները ազատ եւ արդար, եւ ստորագրել են հրաման, որ բանակը բերեն զորանոցային վիճակի, որպեսզի «կանխվեն խաղաղ ցույցերը»:

Բանակը կրակել է

Սասուն Խաչատրյանի խոսքով, ապացուցված է նաեւ, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, այլեւ կրակել է, կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Մասնավորապես, Խաչատրյանի խոսքով, զինծառայողները ավտոմատ հրազենից կրակել են Լեո փողոցի պատշգամբների ուղղությամբ, երբ պատուհաններից մեկից վառվող շիշ էր նետվել:

Թուլացրել են մարտունակությունը

Խաչատրյանի խոսքով, 0038 խիստ գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երեւանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, սահմաններում շաբաթներով զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են վտանգավոր վիճակներ, արդյունքում եղել է դիվերսիա: Այսինքն, զորաշարժն ազդել է բանակի մարտունակության վրա: Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 4-ին հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ էր արել Լեւոնարխ գյուղի ուղղությամբ՝ կարճ ժամնանակով գրավելով առաջնային հենակետերից մեկը, դիվերսիոն խումբը հետ էր մղվել, հայկական կողմից կար 2 վիրավոր:

Դարձրել էին վարձկաններ

Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, Խաչատրյանի խոսքով,  նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է:

«Արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է, եւ ես հիմա այդ փաստն ապացուցող փաստաթղթեր կներկայացնեմ, ընդ որում՝ բնօրինակներ, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից հետո մինչեւ մարտի 7-8-ը ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները: …Գումարները հանվել են օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվներից, որոնք կհարապարակենք հետագայում»,- նշել էր Խաչատրյանը:

Տիգրան Աբգարյանին սպանել են հատուկջոկատայինները

«Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, ունենք ապացույցներ հստակ, սպանվել է այն ժամանակ, երբ արդեն արտակարգ դրություն էր մտցրել Քոչարյանը, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինվոր չկար»,- փոխանցեց Խաչատրյանը: Ըստ Խաչատրյանի՝ Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի հիմնավորեն Քոչարյանի այն խոսքերը, թե «մենք արդեն զոհեր ունենք»:

Օլիգարխների թիկնազորները զինվորական համազգեստ են ստացել

Սասուն Խաչատրյանը հաստատեց. իրականություն է այն, որ ՊՆ պահեստից ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորներին:

«Որպեսզի զինծառայողներից չտարբերվեն, եւ պրովոկացիաներ անեն: Քննության ավարտին բոլորդ կիմանաք՝ ում են բաժանել»,- նշեց նա:  

Նախորդ հոդվածը‘Սովը քայլում է մեր մոլորակով’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթի»-ն Գյունդողանի ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել’