‘Տ. Եգորյան. Ավետյանի սպանության բացահայտումը տապալվեց քաղաքական որոշմամբ’

3342

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատավարությունը: Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց քաղաքացիական հայց՝ պահանջելով Վահե Ավետյանին կյանքից զրկելու հետեւանքով նրա խնամքին գտնվող անձանց կերակրողին կորցնելու փոխհատուցում, որը ներկայացնում է հայցի նյութական մասը: Ինչ վերաբերում է բարոյական փոխհատուցմանը՝ հիմք է ընդունվել վերջերս Եվրոպական դատարանի կայացրած որոշումը, ըստ որի սահմանվում է փոխհատուցման նվազագույն շեմ՝ մինչեւ 120.000 եվրո:

Փաստաբան Տիգրան Եգորյանը iLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեկ տարուց ավելի ձգված դատավարության ընթացքին՝ նշեց, թե ամեն ինչ չէ, որ հաջողվեց բացահայտել, սակայն մի բանում կարելի է վստահ լինել, որ  ամբաստանյալների ցուցմունքներից ու, ամենակարևորը, պահվածքից ակնհայտ դարձավ՝ նրանցից որևէ մեկն անմասն չի մնացել հանցագործության կատարմանը և անմեղ չէ: Իսկ ահա ՀՀԿ-ական պատագամավոր Ռուբեն Հայրապետյանի գործոնի մասին փաստաբանը հայտնեց, որ ի սկզբանե ամեն ինչ կանխորոշված է եղել ի նպաստ վերջինիս՝ փորձելով հնարավորինս տարածություն ապահովել նրա գտնվելու վայրի եւ «Հարսնաքար» ռեստորանի միջեւ, բայց առկա հակասությունները եւ Հայրապետյանի հարցազրույցը վկայում են նրա ցուցմունքների կեղծ լինելու մասին:

«Ռուբեն Հայրապետյանի գործոնը պատճառ հանդիսացավ, որպեսզի այնպիսի կարևոր հանցագործություն, ինչպիսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայի, զինվորական բժշկի սպանությունն էր՝ չբացահայտվի, և իրականացվի աննկարագրելի մակերեսային և ոչ պրոֆեսիոնալ նախաքննություն»,- ասաց փաստաբանը:

Ամբաստանյալները մոտ մեկուկես տարի իրենց բանտում գտնվելը պայմանավորում են հանրային արձագանքով՝ հանրությանը մեղադրելով անտեղյակության համար: Այն հարցին, թե ինչպիսի հանգամանքներ են փոխվել այս ժամանակահատվածում, որոնք թույլ են տալիս նրանց հանդես գալ նմանատիպ հայտարարություններով, Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ դատաքննության այսօրինակ ձգձգումը հանգեցրեց նրան, որ էականորեն անկում ապրեց հանրային հետաքրքրության ու ուշադրության մակարդակը, ինչի հետևանքով թե՛ դատարանի, թե՛ դատախազության, առավելևս՝ ամբաստանյալների պահելաձևը սկսեց փոփոխության ենթարկվել: «Հիմնական պատճառը հանրային ուշադրության ու ճնշման թուլացումն է, նաև՝ Ռուբեն Հայրապետյանի հովանավորչությունը, գործոնը»,- նշեց նա:

Անդրադառնալով իրականացվող «սցենարին», որին մասնակցել են թե՛ քննչական մարմինը, թե՛ դատարանը՝ փաստաբանը նշեց, որ սա քաղաքական որոշում է, որը կայացրել է Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ պրոտեկցիոնիզմ իրականացնող ուժը: «Այնուհետև վերոնշյալ որոշումն իջեցվել է ներքև և հանձնարարվել կատարման իրավաբանների խմբին, որոնք վարել կամ վերահսկել են քրեական գործը: Սա կոլեկտիվ ջանքերի արդյունք է: Բոլոր այն քննիչների ու դատախազների մեծ մասը, ովքեր այս գործի շրջանակներում որոշումներ կայացնելու իրավասություն են ունեցել՝ իրենց ներդրումն են ունեցել այս գործով ոչ արդյունավետ քննություն իրականացնելու և ըստ էության՝ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննությունը, հետևաբար նաև՝ հանցագործության լիարժեք բացահայտումը տապալելու հարցում»,- հավելեց Տիգրան Եգորյանը:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘ՀՔԱՎ. Նյարդահոգեբուժական հաստատություններում 2010-ից ի վեր գրանցվել է 145 մահ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ ապակառուցողական դիրքորոշման պատճառով Կոնգրեսը դուրս է գալիս «գազային» հանձնաժողովի քննարկումներից’