‘Տ. Եգորյան. «Հարսնաքարի» գործով դատախազի ճառը ընդամենը շոու է’

2479

iLur.am-ի զրուցակիցն է Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

-Պարոն Եգորյան, ինչպե՞ ս կմեկնաբանեք դատախազ Արմեն Մարուխյանի կողմից վերջին դատական նիստում հնչեցրած ճառը, որով նա բոլոր ամբաստանյալների համար պահանջեց 13-ական տարի ազատազրկում, ինչպես նաև 100.000 դրամի չափով տունգանք:

Կրկին պետք է փաստեմ, որ դեռևս նախաքննության ժամանակ մենք ահազանգում էինք, որ այս մեղադրանքը ուղղակի քննադատության չի դիմանալու դատարանում, և դատախազության կողմից հնչեցվող  բոլոր այն բոցաշունչ ճառերը, ամբաստանյալների համար պահանջվող այդ խիստ պատիժները, այդ պոպուլիստական հայտարարություններով համեմված մեղադրանքները, ինչպիսիք են՝ միասնական դիտավորությունը, համակատարումը, գրոշի արժեք էլ չունեն և ուղղված են քրեաիրավական ընթացակարգերից ոչ լավատեղյակ մարդկանց համոզելուն, որ նախաքննությունն ու դատախազությունը լավ են աշխատել, սակայն դա այդպես չէ.  ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար 13 տարի ազատազրկում պահանջելն այլ բան չէ, քան սոսկ խոսքեր:

Ինչ վերաբերում է դատարանի վճռին, կարծում եմ` այն որևէ կերպ պայմանավորված չի լինելու դատախազի ներկայացրած  մեղադրանքով և արտասանած ճառով, որովհետև, ըստ էության, դատախազությունն իր մեղադրանքի հիմքում չունի ոչինչ, բացի տուժողների ցուցմունքներից: Բոլոր մեր միջնորդությունները, որոնք ուղղված էին հանցագործությունը բացահայտելու հնարավորություն ստեղծելուն, մերժվել էին նախաքննության կողմից՝ դատախազության թողտվությամբ: Այժմ սա ընդամենը մի շոու է, որի ընթացքում դատախազության դեմքը փրկելու միակ հնարավորությունը մեղադրանքը պնդելը և չփոփոխելն էր, թեկուզ և նրանք էլ են հասկանում իրենց ճառի մերկապարանոց բնույթը:

Այս խաղի առաջին խաղացողը նախաքննության մարմինն է` զուգահեռ ՝ դատախազության հետ, երկրորդը կրկին դատախազությունն է, որից հետո խաղին մի պահ միանում են ամբաստանյալները` փորձելով սեփական ուժերով անհատականացնել իրենց արարքները և ստեղծել հիմնավոր կասկածներ, որոնք հետագայում կփարատվեն իրենց օգտին, այնուհետև՝ կրկին դատախազությունը, փորձելով ներկայանալ իր բարձունքից, նորից պնդում է իր մեղադրանքը, սակայն բոլորիս հասկանալի է, որ, ըստ էության, բացառված է, որ դատարանը այդ մեղադրանքը հաստատի ամբողջությամբ: Սա ընդամենը բեմադրություն է, և ավարտին հասցնելուն պես` վերջին ակորդը կտա դատարանը, իսկ դատախազությունը կասի, որ իր ջանքերի առավելագույնը  ներդրեց, սակայն դատարանը չհաստատեց մեղադրանքը:

՞ նչ եք կարծում, ո՞ վ է պատասխանատու այս մեղադրանքի անկատարության, ինչպես նաև հետագա դատավճռի համար:

Պատասխանատուն բացառապես պետությունն է` իր իշխանության տարբեր ներկայացուցիչների միջոցով, որոնք նախաքննության ընթացքում հրաժարվել էին իրենց պարտավորությունների և լիազորությունների լիարժեք կատարումից և մերժելով մեր միջնորդությունները՝ վերացրել հանցագործությունը բացահայտելու բոլոր հնարավորությունները:

Առաջին մակարդակում դրա վառ ապացույցն այն է, որ դատախազությունը մինչ օրս հետևողականորեն դրսևորում է անգործություն և մերժում մեր միջնորդությունները` հրաժարվելով պետությանը հասցված վնասները հատուցելու պահանջով հայցադիմում ներկայացնել ամբաստանյալների և նրանց գործատուի՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր  «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ի դեմ: Վահե Ավետյանը, Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը բուժում են ստացել զինվորական հոսպիտալում` պետության հաշվին,  այդ ֆինանսները  հատկացվել են զինվորական բժիշկների բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանական բանակի համար նախատեսված բյուջետային միջոցներից, դրանք համարվում են պետությանը հասցված վնաս, և դատախազությունը, ընդդեմ ամբաստանյալների՝ վնասը բռնագանձելու  համար պարտավոր է դատարան  դիմել քաղաքացիական հայցով:
Հաջորդ  մակարդակում դա այն փաստն է, որ Վահե Ավետյանը հանդիսացել է Պաշտպանության նախարարության հետ պայմանագրով աշխատող զինծառայող, և այդ պայմանագրի շրջանակներում ՀՀ-ն ծախսեր է կատարել, որոնք նպատակ են հետապնդել ապահովելու պաշտպանության բանակի արդյունավետությունը` ի դեմս Վահե Ավետյանի` սպայի, զինվորական բժշկի, և այդ պայմանագիրը դեռևս ավարտված չէ. Վ. Ավետյանին  կյանքից զրկելով` պետությանը ուղղակիորեն վնաս է հասցվում:

Բացի այդ՝ կարող եմ հիշեցնել նաև այն դրվագը, երբ դատախազ Արթուր Դավթյանը առարկեց մեր կողմից ներկայացված՝ մեղադրանքը հիմնավորող միջնորդության դեմ, որով խնդրում էինք ապացույց ճանաչել հայտնի «Նուվել Դ’Արմենի» -ի թղթակից Սեդա Մավյանին Ռուբեն Հայրապետյանի տված հարցազրույցը:  

Ավելացնեմ, որ նույն Արթուր Դավթյանը հրաժարվեց դատավարության մասնակիցներին ներկայացնել դատահամակարգչային փորձաքննության էլեկտրոնային կրիչները տրամադրել, իսկ դատարանն էլ, իր հերթին, ձեռնամուխ չեղավ կողմերի հավասար մրցակցությունն ապահովելուն և այդ սկավառակները դատախազությունից պահանջելուն:

-Նախկինում դուք նշել էիք, որ դատարանում պատրաստվում եք բացահայտել այն ամենը, ինչը չստացվեց անել նախաքննության ժամանակ: Այսպիսով՝ ինչպե՞ս  կգնահատեք ներկա իրավիճակը` հաջողվե՞ց դա անել, թե ՞ ոչ:

Չհաջողվեց, որովհետև բոլոր այն խիստ էական և ցավոտ միջնորդությունները, որոնք, հնարավոր է, որ լույս սփռեին գործով մանրամասների վրա, մերժվեցին դատարանի կողմից: Բավարարվեցին միայն մի քանի վկաների հարցաքննելու միջնորդությունները, որոնք, տրամաբանական է, որ մեծ արդյունք չէին տա, քանի որ պետք է հարցաքննվեին անձինք, որոնք շարունակում են աշխատել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, այսինքն՝ որոշակիորեն կախվածության մեջ են Ռուբեն Հայրապետյանից: Օրինակ` վկաներից Պավել Հարությունյանը իր դատաքննական ցուցմունքում ասաց, որ այդ դեպքից հետո ընդհանրապես ոչնչով չի հետաքրքրվում և աշխատում է չհետաքրքրվել, այսինքն՝ ակնհայտ է, որ այս մարդիկ իմացածի վերաբերյալ գերադասում էին լռել, քան խոսել, և դա ի հայտ եկավ նրանց ցուցմունքներում առկա տարբեր հակասություններից :
Դատարանի կողմից չբավարարվեցին նաև  տեղազննության, դատակենսաբանական, դատաձեռագրաբանական, դատաբժշկական կրկնակի հանձնաժողովային  փորձաքննություններ իրականացնելու միջնորդությունները:
Հանձնաժողովային փորձաքննությունը հնարավորություն կտար ոլորտի լուրջ մասնագետների հանձնաժողով ստեղծել և վերջիվերջո պարզել գլխուղեղի մահվան պատճառը և պահը` ըստ փաստաթղթերի և հիվանդության պատմագրերի: Սրանով հնարավոր կլիներ հերքել կամ հաստատել մեր  պնդումները, որ գլխուղեղի մահը, ըստ պատմագրերի, վրա է հասել հենց նույն օրը` ընդամենը կես ժամ հետո. հետևաբար՝ արարքը կորակավորվեր որպես սպանություն, այլ ոչ ծանր մարմնական վնասվածք: Նրանց գլխավոր նպատակներից մեկը ամբաստանյալների` Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունենալու հերքում էր, որը կարող էր բացահայտվել մեր միջնորդությունները բավարարելու դեպքում:

Բնական է` փաստաբանական ինստիտուտը ՀՀ-ում չունի այնպիսի պրոգրեսիվ լիազորություններ, որոնց գործադրմամբ կարող է դատախազության և նախաքննության մարմնի նման ապացույցներ ձեռք բերել և հավաքել: Այսպիսով` մեր հնարավորությունները դատախազության, նախաքննության և դատարանի կողմից սահմանափակվեցին, և այս պայմաններում մեր ջանքերը էական ազդեցություն չունեցան ապացույցներ ձեռք բերելու համար: Միակ բանը, որ մենք կարող ենք, դա նախաքննության և դատաքննության անարդյունավետության հետ կապված փաստարկների, ապացույցների և խախտումների առաջ բերումն է, ինչը և իրականացնում ենք:

Մարիամ Մուրադյան

 

 

Նախորդ հոդվածը‘Ալեքսանյանը ակտիվիստներին «շնորհակալ է անվճար գովազդի համար» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գ. Սահակյան. Գրպանահա՜տ ենք, ինչ ենք, որ ստուգենք Իշխան Զաքարյանի ունեցվածքը’