‘Տ. Մուկուչյանը Ռիգայում՝ դիտորդ, Հ. Հակոբյանն Ալժիրում՝ փորձի փոխանակման. ո՞ւր են գործուղվում պաշտոնյաները’

1005

Կառավարությունը ժամանակ առ ժամանակ իր նիստերում որոշում է ընդունում այս կամ այն գերատեսչության աշխատակիցներին գործուղելու այլ երկրներ: Ընդգծենք, որ այդ գործուղումներն իրականացվում են Հայաստանի պետական բյուջեի հաշվին: Դեռ նախորդ տարի բուռն քննարկման էր արժանացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գործուղումը Կինշասա, ինչպես նաև Ինդոնեզիայում ՀՀ դեսպանատուն բացելու որոշումը: Մամուլը նախարարի այցելած երկրները «էկզոտիկ» էր անվանել, ինչին ի պատասխան՝ Նալբանդյանն արձագանքել էր՝ հայտարարելով, թե առնվազն «կոռեկտ չէ» որևէ երկիր էկզոտիկ կոչել. «Այդ հարց տվողները եթե ասեն, թե ինչու է պետք գնալ Վագատուգու, և ինչու պետք չէ գնալ Կինշասա, այլևս հարցեր չեն տա»,- ասել էր նա: iLur.am-ն ուսումնասիրել է, թե կառավարությունը վերջին շրջանում ում ուր է գործուղել, ու բավականին ուշագրավ որոշումներ է հայտնաբերել:

Սփյուռքի նախարարն Ալժիրում՝ փորձի փոխանակման նպատակով

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հ. Ասլանյանին 2013 թվականի մայիսի 26-29-ը կառավարությունը գործուղել է Ալժիր` փորձի փոխանակման համար: Այցից հետո Սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հրանուշ Հակոբյանն Ալժիրում քննարկումներ է ունեցել «գլոբալացվող աշխարհում Սփյուռքի դերի մասին», ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք գործակցության քաղաքականության հիմնախնդիրների մասին, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք գործակցության մեխանիզմներին առնչվող հարցեր:

Տիգրան Մուկուչյանը Ռիգայում՝ որպես միջազգային դիտորդ

Կառավարությունը Լատվիայի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին միջազգային դիտորդի կարգավիճակով մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյանին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ա. Սմբատյանին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ
Ե. Այվազյանին որոշել է 2013 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 5-ը գործուղել Ռիգա: Գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Մուկուչյանը Ռիգայում, հավանաբար, ներկայացրել է ընտրությունները կեղծելու հայաստանյան փորձը ու խորհուրդներով օգնել լատվիացի գործընկերներին:

Ֆինանսների փոխնախարարը՝ ԱՄՆում Հայաստանի կայուն տնտեսական աճի ձեռքբերումներին նվիրված համաժողովին մասնակցելու համար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանը 2013 թվականի մայիսի 31-ից հունիսի 3-ը գործուղվել է Վաշինգտոն (ԱՄՆ)` Հայկական միջազգային քաղաքականության հետազոտությունների խմբի` Հայաստանի կայուն տնտեսական աճի ձեռքբերումներին նվիրված գիտաժողովին մասնակցելու համար: Ինչպես տեսնում ենք, ֆինանսների նախարարությունում համոզված են, որ Հայաստանում կայուն տնտեսական աճ կա, ավելին՝ նախարարության պաշտոնյային ուղարկում են արտերկրում Հայաստանի տնտեսական աճի ձեռքբերումներին նվիրված համաժողովին մասնակցելու:

ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը Մակաուում

iLur.am-ը նախկինում արդեն անդրադարձել է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի՝ Մակաու կատարած այցին: Նա էլ որոշել էր Պեկին ու Մոսկվա կատարած այցերի «արանքում» այցելել Մակաու: Ընդհանուր առմամբ՝ պատվիրակության կազմում ընդգրկված 6 հոգու համար տոմս ձեռք բերելն արժեցել էր 10 մլն 600 հազար դրամ: 

Նախորդ հոդվածը‘Մարգարիտ Եսայանն առաջարկում է աղբի վերամշակման մենաշնորհ սահմանել’
Հաջորդ հոդվածը‘Դանիա-Հայաստան. հավասար հնարավորություններ-անհամարժեք պաշտոնյաներ’