‘Տ.Ուրիխանյան. Խանդը, նախանձը ու արտաքին պատվերները չեն օգնի ‘

933

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, այդ կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է քաղաքական գործընթացներին՝ ԲՀԿ-ի մասնակցության ձեւաչափի վերաբերյալ լրատվական դաշտում տեղ գտած հրապարակումներին:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ առաջնորդի դիրքորոշման վերաբերյալ հատկապես վերջին շրջանում մամուլում շատ գրվեց: Որոշ վերլուծաբաններ սեփական դատողություններն են անում, որոշ լրագրողներ փորձում են օր առաջ տեղեկություններ ձեռք բերել, և դա շատ նորմալ ու ողջունելի եմ համարում, քանի որ հայաստանցիներին շատ են հետաքրքրում քաղաքական իրադարձությունները և, որպես արդյունք, սեփական կյանքում որակական փոփոխությունները: Բայց արի ու տես, որ գոյություն ունեն մարդիք, որոնք խաղում են հանրության՝ իրազեկ լինելու իրավունքի հետ: Սեփական նեղ շահի կամ կոնկրետ իջեցված պատվերի շրջանակներում փորձում են ուղղորդել հանրային գիտակցությունը, ձևափոխում իրականությունն ու իրենց իսկ ստեղծածի վրա կառուցում կեղծ վերլուծություններ:

Ցանկացած դեպքում, ցանկացած քաղաքական իրադարձությանը կամ գործընթացին մասնակցելու ոչ ԲՀԿ-ն ոչ էլ ԲՀԿ նախագահը չեն առաջնորդվել դիրքեր կամ պաշտոններ զբաղեցնելու ‹‹գերնպատակով››: Հարյուր հազար անգամ ասել ենք՝ մենք ունենք միայն մեկ խնդիր՝ երկրում վիճակ փոխելու, մարդկանց կյանքը բարելավելու, զարգացող ու ամուր Հայաստան կառուցելու: Այսինքն մեր ակնկալիքները, ցանկությունները, պահանջները համակարգային փոփոխություններն են, ոչ թե որևէ պաշտոն կամ պաշտոններ: Ոչ ոք, ոչ մի անգամ ոչ մի ուրիշ խոսք մեզնից չի լսել: Իսկ նրանք, ովքեր իրենց ենթադրություններում անցնում են բոլոր սահմաններն ու ակնհայտորեն ծառայում են ամեն բան քայքայելու նպատակ դրած, երևի թե ոչ միայն ներքին, այլև արտաքին ուժերին, որոնք փորձում են ստիպել մեզ սեփական անհիմն, կեղծ և սուտ իբր վերլուծություններով կատարել այս կամ այն գործողությունը, պետք է լավ իմանան, որ ոչ մի պրովոկացիայի չենք ենթարկվելու՝ ԲՀԿ-ն միշտ աշխատելու է հանուն ժողովրդի բարեկեցության, առջևում ընկած երկար ճանապարհին քայլ առ քայլ իրականացնելու է երկրի ու քաղաքացիների շահերից բխող գործողություններ: Եվ այդ ամբողջ գործունեությունն իրականացվելու է մեր առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Այս տողերի վրա հատուկ հրավիրում եմ որոշ կայքերի կամ կոնկրետ կայքի տերերի ու իրական տերերի ուշադրությունը: Խանդը, նախանձը ու արտաքին պատվերները չեն օգնի ձեզ մեր քայլերի կամ հանրային գիտակցության վրա ազդելու գործում: Հատկապես սա վերաբերում է մանր դասալիքներին ու բարոյական բավարար միավորներ չվաստակած ուղղակիորեն զուլալ ջուր պղտորող մարդկանց»:

Նախորդ հոդվածը‘Գազայում անսովոր բույրով օծանելիք են արտադրել’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի հայցը ՍԴ-ն կքննի մարտին ‘