‘Տ.Սարգսյան VS Ի.Զաքարյան. երկրորդ ռաունդ ‘

1657

Ինչպես հայտնի է՝ այսօր առավոտյան Տիգրան Սարգսյանը քաղաքական հայտարարություն էր տարածել, որտեղ «կպել էր» Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանին: Սարգսյանն ասել էր, թե ՎՊ-ն իրավունք չունի հանդես գալ քաղաքական գնահատականներով:

Քիչ առաջ էլ ահա գնդակն իր ձեռքն է վերցրել Իշխան Զաքարյանը՝ արձագանքելով Տիգրան Սարգսյանին: Զաքարյանի մամլո ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է.

«ՀՀ Վերահսկիչ պալատը շնորհակալություն է հայտնում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության հետ կապված հայտարարության համար: 
Վարչապետը կառավարության նիստերում պարբերաբար կարևորում է Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքները: Վերահսկիչ պալատի նախագահը ՀՀ Ազգային ժողովում խոսելով գնումների և շինարարության ոլորտներում առկա խնդիրների մասին ասել է, որ 2013 թվականի պետական բյուջեի շինարարության և գնումների ոլորտներին է առնչվում ծախսային մասի մոտ 701 մլրդ դրամը, որ շինարարության և գնումների ոլորտը համարվում է ռիսկային: 
Սա ամենևին չի նշանակում 700 մլրդ դրամի մսխում: 
Համաձայն ենք ՀՀ Վարչապետի այն մտքին նաև, որ «Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով»: Այս առումով հարկ ենք համարում մեջբերել Վերահսկիչ պալատի նախագահի 2013 թ. հունիսի 18-ին Ազգային ժողովում ունեցած եզրափակիչ ելույթի այդ հատվածը առանց խմբագրման. « Հիմա ըստ էության ես ուզում եմ խոսել մի քանի խնդիրների մասին, որոնք փորձել եմ համակարգել, որովհետև մոտ 50 պատգամավոր, 188 հարցի միջոցով փորձեցին վեր հանել այն եզրակացությունը, ինչը մենք ներկայացրել էինք Ազգային ժողովին, և շուրջ երեք տասնյակ ելույթներով փորձեցին տարբեր գնահատականներ տալ։ Իհարկե, ես զերծ եմ մնալու քաղաքական ենթատեքստ ունեցող գնահատականներից, զերծ եմ մնալու դրանց այլ որակումներ տալուց, որովհետև ես ասել եմ, որ ՎՊ-ի հաշվետվությունը երբեք քաղաքական դաշտ չպետք է տանել և այս առումով ինձ համար բացարձակ ընդունելի չի և ավելին ասեմ, տարօրինակ է հատկապես մի քանի պատգամավորների կողմից հնչեցրած որոշակի տերմիններ, որոնք բացարձակապես կապ չունեն այս հաշվետվության հետ: «Համատարած թալան», «ՎՊ-ն իր հաշվետվության մեջ փորձել է օգտագործել քաղաքական տերմիններ կամ ենթատեքստ է դրել»: 
Հաշվետվությունը ձեր սեղանին է, խնդրում եմ ցույց տալ, թե «համատարած թալան» արտահայտությունը որտեղ է օգտագործված, և քաղաքական ինչ գնահատականներ ենք մենք տվել: Չկա այդպիսի բան և ինձ թվում է, որ որոշ տերմիններ օգտագործելուց հետո ոմանք փորձ են անում դրանք ուղղել, սա արդար չէ»»:

 

 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի նախկին վարչապետին ազատ են արձակել բանտից’
Հաջորդ հոդվածը‘Ֆան-ֆան եւ Նոյան Տուն. ԱԳՆ-ի նախընտրած ծառայություն մատուցողները ‘