‘Րաֆֆին՝ գյումրեցիներին. Պատրաստվեք երկարատեւ պայքարի’

1140

Չնայած սաստիկ ձյանն ու ցրտին, Գյումրիի Թատերական հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին բազմաթիվ մարդիկ էին եկել: Մինչ հարթակ հասնելը Րաֆֆի Հովհաննիսյանը ողջագուրվում էր մարդկանց հետ: «Ռաֆիկ ջան, ապ ջան, քու ցավը տանենք», — արձագանքում էին ոգեւորված գյումրեցիները:

«Այսքան ցավ, տառապանք եւ մահ տեսած գյումրեցիներն այսօր ցույց տվեցին, որ չնայած ամեն դժվարության՝ իրենք չեն վաճառվում», — հարթակից իր ելույթն այսպես սկսեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ 1988-ի ավերիչ երկրաշարժից դեռ 25 տարի անց մենք Աղետի գոտի ունենք: Նրա խոսքով, գյումրեցին իր քվեարկությամբ ասել է, որ այլեւս վերջ: Նա խոստացավ, որ մեկ տարի անց այլեւս աղետի գոտի չի լինելու՝ «լինելու է զարգացում, զարթոնք, խոպան գնացած եղբայրների ու որդիների վերադարձ»:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականին: Ցավ հայտնեց, որ Գիզիրյանը հրաժարական է տվել ոչ թե ընդվզելով ապօրինությունների դեմ, այլ՝ որ չի կարողացել կատարել կուսակցական հրահանգը: Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատասխանատվություն են կրելու բոլոր պաշտոնյաները՝ մարզպետները, ովքեր աջակցել են կեղծիքին՝ այս թվում շեշտեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը:

Հրապարակի մոտ ոստիկանները բարձրախոսով հայտարարում էին, որ հավաքն անօրինական է: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ոստիկանների ծառայողական պարտականությունն է՝ նկարահանել հավաքի ընթացքը, բայց զգուշացրեց, որ այդ նկարահանումը չօգտագործվի մարդկանց վախեցնելու նպատակով: Ի դեպ, iLur.am-ի թղթակիցնը նկատել է, որ ոստիկանները հիմնականում բարեհաճ էին, նրանցից ոմանք անգամ ժպտում էին:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղը ժամը 3-ին Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք է լինելու: «Կհանդիպենք Երեւանում: Բայց եթե մենք իմանանք, որ մարդկանց արգելում են գալ Երեւան, փակում են ճանապարհները, ուրեմն իմացեք, որ մենք նորից կգանք Գյումրի», — ասաց նա: Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն օրինականության հաստատման համար պայքարի՝ «մեկ օր, մեկ շաբաթ կամ մեկ տարի»: «Եթե նրանք (իշխանությունները-խմբ.) հարգեն ձեզ, դա կարճ կտեւի, բայց մենք պետք է պատրաստ լինենք երկարատու պայքարի», — ասաց նա: Հավաքվածները սկսեցին վանկարկել` «Սերժիկ հեռացիր»: Րաֆֆին ընդհատեց նրանց՝ «ոչ, այդ ժամանակներն անցել են, Հայաստան»:

Հավաքի ավարտից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկանց ուղեկցությամբ քայլեց Գյումրու փողոցներով, նա անցորդների հետ զրույցի էր բռնվում ու հարցնում նրանց հոգսերի մասին: Մարդիկ երբեմն գրություններ էին փոխանցում նրան:

iLur.am-ի թղթակիցը զրուցեց մի քանի գյումրեցիների հետ: Ոմանք ափսոսանք էին հայտնում, որ վատ եղանակի եւ հեռավորության պատճառով չեն կարողանալու մասնակցել Երեւանում վաղը կայանալիք հանրահավաքին: Մի քաղաքացի իր գոհունակությունն արտահայտեց, որ Հովհաննիսյանը եկել է Գյումրի՝ «Մեզ մարդու տեղ են դնում», — ասաց նա:  Երեւանում ուսանող Տաթեւիկն էլ ասաց, որ վաղն առավոտյան մեկնելու է մայրաքաղաք՝ իր ընկերների հետ մասնակցելու հանրահավաքին: 

Նախորդ հոդվածը‘Լեռնադահուկորդը իր մարզաձեւը կիրառել է ծովում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վերջապես հասկացա, թե ինչու ոտքերս չեն տանում Հրապարակ’