‘Րաֆֆին Սերժին առաջարկել է ՀՀԿ հետ միասնական ցուցակո՞վ մասնակցել, — «Սու՛տ է»’

1755

Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» առաջնորդն առաջարկել է ՀՀԿ հետ միասնական ցուցակով մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չի համապատասխանում իրականությանը: Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հարցը հնչելու պահին ասուլիսին կողքից հետեւող Րաֆֆի Հովհաննիսյանը բացականչեց՝ «Սու՛տ է»:

 «Ինչպես նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից պարզ դարձավ, Սերժ Սարգսյանի մի շարք հայտարարություններ չեն համապատասխանում իրականությանը: Սա եւս դրանց թվում է»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: Նրա խոսքով, գործող իշխանություններն անհամարժեք են երկրու առկա իրավիճակին: «Նրանք «Բարեւի» շարժումը բնութագրելիս օգտագործում են «ինքնակոչ», «հեղաշրջում», «աղանդավոր» եզրերը: Մինչդեռ, այդ բառերը հենց իրենց է բնութագրում, քանր որ նրանք փետրվարի 18-ին հեղաշրջման փորձ արեցին՝ կեղծելով ժողովրդի քվեն», — նշեց Խուրշուդյանը:

Ըստ նրա, տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանը արտագաղթի աճի մեջ մեղադրում է ԶԼՄ-ներին, որոնք լուսաբանում են արատագաղթի խնդիրը: «ԶԼՄ-ները, հավանաբար, Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ, պետք է չլուսաբանեին նաեւ «ատկատների», կոռուպցիայի, ստվերի երեւույթները, որօեսզի մարդիկ չիմանան դրանց գոյության մասին», — նշեց նա: Սա Հովսեփ Խուրշուդյանին հիշեցնում է 2008-ը, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե »պետք է չխոսել տնտեսական ճնգաժամի մասին, եւ այն մեր կողքով կանցնի կգնա»:

«Սա ամրապնդում է մեր վճռականությունը, որ այս մարդիկ պետք է զիջեն իշխանությունը ժողովրդին եւ նրա ընտրյալներին»», — ասաց «Ժառանգության» խոսնակը:

Նա նշեց նաեւ, որ «Ժառանգությունը» մեծ նշանակության է տալիս Երեւանի ավագանու ընտրություններին՝ ընգծելով, որ դրանք ընդամենը «իշխանությունը ժողովրդին վերադարձնելու» պայքարի մի մասն են: Խուրշուդյանը ասաց նաեւ, որ պետք է ընդդիմությունը միասնաբար վերահսկողություն իրականացնի ընտրությունների ընթացքի նկատմամբ»: Բացի դրանից, ըստ նրա, չնայած, որ ընդդիմությունը ավագանու ընտրություններին գնում է առանձին ցուցակներով, «խնդիր չեմ տեսնում, որ հետագայում ընդդիմադիր ուժերը համագործակցեն ավագանում»: 

Նախորդ հոդվածը‘«Խոսրովի անտառ» պետական արգելոցն արդեն տնօրեն ունի’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը «Ֆաքս»-ին սուրճ կհյուրասիրեր, բայց ոչ ընդունարանում ‘