‘Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մոսկվային, Բրյուսելին եւ Վաշինգթոնին. «Մեզ հեգնելու համար զղջալու եք»’

1200

Վլադիմիր Վլադիմիրովիչը, մսյո Օլանդը եւ հնարավոր է, այս գիշեր արդեն ԱՄՆ-ից «ինչ-որ մեկը», ովքեր շնորհավորական ուղերձներ են հղում Սերժ Սարգսյանին, հեգնում են Հայաստանի ժողովրդի որոշումը, նրանք սխալ են արել եւ զղջալու են: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Կոսովո, Աբխազիա եւ անգամ Հարավային Օսիա ճանաչած երկրները, որոնք հրաժարվում են ճանաչել ԼՂՀ անկախությունը, այժմ հանդգնում են Հայաստանին պարտադրել ոչ լեգիտիմ իշխանություններ, թող իրենց արժեքները տանեն իրենց ժողովրդավարություններ», — ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ լինի Ռուսաստան, թե Եվրոպա, բոլորն էլ ըստ էության ոչ ժողովրդավարական են, եւ «Ուոշինգթընը, եթե այսօր գիշեր նույնպես հեգնեց մեզ, նույնպիսի գնահատականի է արժանանալու, անկախ այն բանից, որ ես ծնվել ու կրթվել եմ ԱՄՆ-ում», — ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանին ԿԸՀ այսօրվա  որոշումից հետո (ԿԸՀ-ն ընտրություններում հաղթող է ճանաչել Սերժ Սարգսյանին-խմբ.) մնում է ինքնաբացարկ ներկայացնել մինչեւ ապրիլի 9-ը (երդմնակալության օրը), բայց անկախ ամեն ինչից, ԿԸՀ-ն իր ողջ կազմով ամենայն խստությամբ պատասխան է տալու օրենքի առաջ:

iLur.am-ը փորձեց ճշտում մտցնել՝ «դուք հայտարարում եք, որ պատասխանատվության ենթակա են ԿԸՀ-ը, մարզպետերը, գյուղապետերը, բոլոր ընտրակեղծարարները, արդյո՞ք Սերժ Սարգսյանն այդ անձանց շարքերում է», մեր հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը հակիրճ պատասխանեց՝ «Բոլորը»:  «Ես, որպես համազգային շարժման մասնիկ, անելու եմ ամենը, որ «զադնի» չտանք: Բացառված է, որ ընդունեմ ԿԸՀ արդյունքները, все!», —  ասաց նա: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում մեկընդմեջ ռուսերեն բառեր էր օգտագործում՝ միաժամանակ ներողություն հայցելով ոչ հստակ առոգանության համար:

 Անդրադառնալով հարցին, ինչու՞ նա վերահաշվարկի դիմում ներկայացրեց միայն երկու ընտրատարածքներում, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պատճառը օրենսդրության բացն է, որը դիմումներ ներկայացնելու կարճ ժամկետ է սահմանել: Բացի այդ՝ դիմումների տակ պետք է լինի անձամբ թեկնածուի ստորագրությունը: Ըստ նրա, հնարավոր չէր Կապանից մինչեւ Գյումրի բոլոր տեղամասերի համար առանձին-առանձին դիմումներ ներկայացնել եւ միաժամանակ զբաղվել այլ գործերով:  

Խոսելով ընտրությունների կեղծված արդյունքների դեմ բողոքի շարժմանը քաղաքական ուժերի միանալու մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց բոլոր նրանց, ովքեր իրենց դրական դիրքորոշումն են արտահայտել՝ «ոմանք կոնկրետ, ոմանք՝ ոչ այդքան»:

Նա նկատեց, որ եղել են տարաձայնություններ, քննադատություններ միմյանց նկատմամբ, բայց այն, ինչ ասել են տարբեր քաղաքական գործիչները եւ ուժերը, (այդ թվում՝ առանձնացրեցեց  Դաշնակցությանը եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին), ընդունելի են, եւ «մենք ողջունում ենք ցանկացած քաղաքական ուժի եւ քաղաքացու զորակցություն»:  

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ վաղվանից մեկնելու է մարզեր՝ «բարեւելու քաղաքացիներին», ընդգծեց, որ լինելու է Սյունիքում եւ «հույս ունի, որ կհանդիպի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին», այնուհետեւ՝ փետրվարի 28-ից սկսած՝ Երեւանում տեղի կունենան հանրահավաքներ:

Մարտի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանը, իր խոսքերով, կրկին ասուլիս կտա, ապա՝ կգնա Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Նա նշեց, որ «իր կյանքի գնով անելու է այնպես, որ այլեւս երբեք մի կաթիլ արյուն չթափվի», նկատելով, որ սա ակնարկ չէ որեւէ մեկի հասցեին:

Նախորդ հոդվածը‘Սուարեսը ներողություն է խնդրել Լոմբերտսից’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի, տեր ե՞ս — 2’