‘Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Վանաձորի քաղաքապետին. Եթե մարդկանց անգիտակից ես համարում՝ հեռացիր’

1210

Վանաձորի Արցախի հրապարակը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից առաջ արդեն լեփլեցուն էր: iLur.am-ի թղթակիցը Լոռու մարզից փոխանցում է, որ հրապարակում մի քանի հազար մարդ էր հավաքվել, եւ ակնհայտորեն մարդիկ ավելի խանդավառ էին, քան մի քանի այլ բնակավայրերում: Հիշեցնենք, որ մինչ Վանաձորը Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարեւի հեղափոխության» թիմը հանդիպումներ ունեցավ Աշտարակում, Ապարանում եւ այլուր:

Խոսելով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի այն հայտարարության մասին, թե «Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում հաղթել է, որովհետեւ մարդիկ անգիտակից են», Րաֆֆի Հովհանիսյանն ասաց.

«Եթե իսկապես նման բան ասել է եւ ներողություն չի խնդրում ոչ թե ինձանից, այլ ձեզանից, ուրեմն թող հեռանա, բայց եթե չի ասել եւ դա հերյուրանք է, ես պատրսատ եմ ներողություն խնդրել քաղաքապետից»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, վանաձորցիները հաղթահարել են վախը եւ հաղթել են փետրվարի 18-ին: «Ոչ ոք չի գողանալու այդ հաղթանակը: Մեկ ամիս առաջ ոչ ոք չէր կարծում, որ Վանաձորի ժողովուրդը թասիբ, արժանապատվություն ունի: Ձեզ վախկոտի տեղ էին դնում այս երկրում, բայց այժմ նրանք հասկացան, թե ով է վանաձորցին, ով է լոռեցին», — ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա պատմեց, թե ինչպես է երկու շաբաթ առաջ, նախընտրական քարոզարշավի ժամանակ Ալավերդիում ականատես եղել, որ Լոռու գյուղական եւ քաղաքային համայնքների ղեկավարները հավաքվել էին Ալավերդու քաղաքապետարանում՝ մարզպետի մասնակցությամբ խորհրդակցության: «Նրանք գնացել էին ոչ թե մարզպետարան, այլ հավաքվել էին Ալավերդիում, ռուսերեն ասած՝ «չոռնի խոդով»: Ես մարզպետին հարցրեցի՝ ինչու՞ են գյուղապետերն այստեղ, մի՞թե իրենց համայքներում անելիք չունեն», — պատմեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, արդեն այդ ժամանակ հասկանալի էր, որ այդ համանքապետերի ձեռքով կեղծվելու են ընտրությունների արդյունքները:

«Սակայն անկախ դրանից, ժողովուրդն ընտրեց իր նախագահին լոռեցիները ցույց տվեցին իրենց թասիբը»:

Նշենք, որ Վանաձորում եւս, ինչպես մյուս քաղաքներում ոստիկանները բարձրախոսներով զգուշացնում էին մարդկանց, որ հավաքն ապօրինի է, եւ հորդորում էին չմասնակցել դրան: Րաֆֆի Հովհաննիսյանը, դիմելով ոստիկաններին, ասաց, որ եթե նրանք այսպես ուզում են վախեցնել մարդկանց, ուրեմն պատասխան են տալու: Նա նշեց նաեւ, որ վաղը, ժամը 3-ին Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու:

Նախորդ հոդվածը‘Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Գյումրիում (ուղիղ)’