‘Րաֆֆի Հովհաննիսյանը առաջ է շարժվում ԱՄՆ-ի հետքերով’

1547

«Ժառանգություն» կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին , ժամը 13:00-ին, «Անի Պլազա» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա «Ազգային տարեկան ուղերձով»:

«Տարեկան ուղերձ» բառակապակցությունը, մասնավորապես, հիշեցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներին, ովքեր ամեն տարի հունվար կամ փետրվար ամսին հանդես են գալիս Կոնգրեսին ուղղված ելույթով: Այդ ժամանակ քննարկվում են տարվա ձեռքբերումները, հստակեցվում հաղթահարելի խնդիրները, բաշխում պատասխանատվությունը, ինչպես նաեւ արձանագրում անհաջողությունները:

Այս ավանդույթը հաստատվել է Ջորջ Վաշինգթոնի կողմից՝ 1790թ. հունվարի 8-ին Նյու Յորքում կայացած Կոնգրեսի համատեղ նիստից առաջ: 1801 թ. Թոմաս Ջեֆերսոնը փոխել է ուղերձի կանոնները՝ այն որակելով որպես միապետական. ուղերձը 1801-1913թթ. ուղարկվում էր Կոնգրեսին եւ  ընթերցվում քարտուղարի կողմից: Սակայն 1913թ., Վուդրոու Վիլսոնը վերականգնում է հին ավանդույթը՝ հաշվի չառնելով առկա տարաձայնությունները:

Տարիներ շարունակ այս ելույթն ընդունված էր անվանել «Նախագահի տարեկան ուղերձ Կոնգրեսին»:

Հուսանք, որ Ամերիկայի ազդեցության տակ հայտնված Րաֆֆի Հովհաննիսյանը այս անգամ «կապշեցնի» բոլորին իր խոսքով եւ միգուցե նաեւ դառնա Հայաստանում վերը նշված ավանդույթի հիմնադիրը: Այս հարցում, սակայն, ամենակարեւորը ելույթի բովանդակությունն է եւ ճիշտ վերլուծությունը: Իսկ թե «Ժառանգության» ղեկավարը ինչպիսի մոտեցում է ցույց տալիս իր ուղերձին, եւ թե արդյոք այն կնմանվի նախորդ ելույթներին՝ դժվար է ասել:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Եւ կրկին «Հայլուրի» Հայաստանի ու իրական Հայաստանի մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դավութօղլու. Թուրքիան և Իսրայելը պատրաստ են կարգավորել հարաբերությունները’