‘Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց նախապատրաստվել ապրիլի 9-ին (Տեսանյութ)’

1788

«Մենք վաստակել ենք մեր մի բաժակ թեյը, գնանք մեր տները՝ հաղթանակի գիտակցությամբ»- Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը եզրափակելով՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հրապարակում տեղացող ձյան տակ նախորդ հանրահավաքների համեմատ բավական քիչ մարդ էր հավաքվել:  

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հանրահավաքների շարքը շարունակվելու է մոտակա օրերին մարզերում, մարտի 8-ին եւ մարտի 10-ին՝ Երեւանում: «Ուզում են չարախոս լինել,  հեգնանքով խոսել: Մարտի 10-ին` կիրակի օրը, այդ ծրագրի բեկումը կտեսնեք»: Նա ասաց, որ մարտ ամսվա ընթացքում հանրահավաքների շարքով պետք է նախապատրաստվել ապրիլի 9-ին, երբ Օպերայի դահլիճում նախատեսված է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:  «Քանակով, որակով, բոլոր քաղաքական ուժերը, բոլոր քաղաքացիները թող միանան այս պայքարին: Տվեք ինձ ուժը, ես էլ ձեզ տամ, — ասաց նա: — Առանց մարտի 10-ի՝ չի լինի ապրիլի 9-ը,  առանց ապրիլի 9-ի՝ չի լինի մայիսի 5-ը»: Մայիսի 5-ին, ենթադրաբար, տեղի կունենան Երեւանի քաղաքապետի ընտրությունները:

Մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանի եզրափակիչ ելույթը «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ ներկա շարժումը պետք է դասեր քաղի նախորդ՝ կեղծված ընտրությունների դեմ ընդվզող շարժումներից:

«Մենք չպետք է անենք այն, ինչը արդեն փորձել են անկեղծորեն նախորդ բոլոր շարժումները, բայց դա այլ տեղ է տարել: Մենք պիտի կատարենք քայլեր, որոնք վիճակ են ստեղծում իշխանությունների համար: Իշխանությունը գործում է օրենքից դուրս եւ օրենքին անհնազանդ: Եթե թույլ տվեցինք, որ այս դիմակայության առանցքը փոխվի ժողովուրդ-իշխանություն առանցքից, ապա այդ դեպքում այո, մենք պարտվելու ենք: Եթե ժողովուրդը չկոտրվեց, այսպես պոզիտիվ, բարի պայքար մղեց, որոշեց, որ մենք հաղթանակը չենք զիջելու, ապա հաղթելու ենք, որովհետեւ սա նյարդերի պայքար է», — ասաց Ստյոպա Սաֆարյանը: 

Նրա ելույթից հետո անսպասելիորեն խոսափողին մոտեցավ Ռուբեն Հախվերդյանը եւ առաջարկեց «մի րոպե լռությամբ հարգել քաղաքական դիակների հիշատակը»: «Եթե ամոթ ու աբուռ ունենային, վաղուց հրաժարական էին տվել», — ասաց Հախվերդյանը: 

Նախորդ հոդվածը‘Բելգիայի ֆինանսների նախարարը հրաժարական է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Սեդրակյանը ԱԱԾ-ում է. Նրան, հավանաբար, մեղադրանք կառաջադրվի’