‘Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց, բայց այնքան էլ` չհրաժարվեց’

1890

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր, սեպտեմբերի 10-ին, ԱԺ նիստում ընթերցեց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: Մինչ լրատվամիջոցները սկսեցին հաղորդել, որ Հովհաննիսյանը հրաժարվել է մանդատից, իսկ սոցցանցերում էլ օգտատերերը կատակով գրեցին, թե պետք չէ շտապել, քանի որ Հովհաննիսյանը ավանդույթի համաձայն դեռ կարող է հրաժարվել հրաժարվելու մտքից, պարզվեց, որ վերջինս այնքան էլ չի հրաժարվել մանդատից: Մասնավորապես, iLur.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե Հովհաննիսյանը ոչ թե հրաժարվել է մանդատից, այլ` ուղղակի այն չէր վերցրել:

Արդյունքում, տրամաբանորեն դատող մարդիկ փորձում են հասկանալ` հիմա Հովհաննիսյանը հրաժարվե՞լ է մանդատից, թե՞ հրաժարվել է մանդատից հրաժարվելուց, թե՞ ընդհանրապես այն չի վերցրել ու ոչ հրաժարվել է մանդատից, ոչ էլ` հրաժարվելու մտքից: «Ժառանգությանն», իհարկե, ինչպես ասում են` մտքով չես հասկանա, ընդհանուր արշինով էլ դժվար չափես: Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես տեսնում ենք, առավելեւս: Միակ բանն, ինչ մինչ այժմ հասկանալի է եղել, այն է, որ պետք չէ Հովհաննիսյանի քայլերը անմիջապես ընդունել որպես այդպիսին, որպես կատարված վերջնական փաստ: Միշտ պետք է նրա քայլերը ընկալել որոշակի վերապահումներով, ոչ թե ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս բանն է արել, այլ` այս պահի դրությամբ է այս բանն արել:

Սովորական քաղաքական գործիչների դեպքում ամեն ինչ, իհարկե, շատ ավելի պարզ է լինում. հրաժարական տվեց, ուրեմն հրաժարական տվեց, չտվեց, ուրեմն, չտվեց: Հայկական քաղաքական դաշտում, սակայն, հակառակ պարադոքսալ դեպքեր էլ են արձանագրվում, որոնց շրջանում առաջատարն, թերևս, պարոն Հովհաննիսյանն է: Եթե նա այսօր պատգամավոր է, ապա դա դեռ չի նշանակում, որ նա վաղն էլ պատգամավոր կլինի, եթե նա այսօր հրաժարվում է մանդատից, ապա դա դեռ չի նշանակում, որ վաղը չի մտափոխվի եւ չի հրաժարվի հրաժարվելու մտքից, եթե այսօր հստակ պատասխան չի տալիս` նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, ապա դա դեռ չի նշանակում, որ վաղը չի հայտարարի, որ առաջադրվում է, իսկ մյուս օրն էլ չի հայտարարի, թե չի առաջադրվում: Եթե նա այսօր ոչ մեկին սատարելու մտադրություն չունի, ապա դա դեռ չի նշանակում, որ վաղը չի մտափոխվի:

Եթե նա այսօր բեղավոր հայի կերպարի մեջ է, ապա դա դեռ չի նշանակում, որ վաղը կլինի նույն կերպարի մեջ եւ չի սափրի իր բեղերը` որպես քաղաքական բողոքի նշան: Բայց եթե նա այսօր անբեղ է, դա դեռ չի նշանակում, որ վաղը նորից բեղավոր հայի կերպարի մեջ չի լինի: Եթե նա դեմ է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դա դեռ չի նշանակում, որ իր ցուցակի ամենայուղոտ տեղերը չի կարող տրամադրել նրանց, ովքեր իր պես կամ իր չափով այդ արձանագրություններին դեմ չեն եղել:

Եթե նա հացադուլ է հայտարարում (Ծոմ Ազատության իմաստով), եւ հացադուլից դուրս գալու կետեր է հրապարակում, ապա պարտադիր չէ, որ այդ կետերն իրականանալի կամ հասկանալի լինեն, որովհետեւ, օրինակ` նա կարող է կետերի մեջ այսպիսի պարբերություն (պահա՞նջ) գրել. «Հայաստան»: Եթե նա հացադուլի ժամանակ վեհ պահանջներ է հրապարակում, ապա դա դեռ չի նշանակում, որ նա հացադուլից դուրս կգա այդ պահանջների կատարումից հետո, եւ ոչ թե իր դստեր ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես որ արեց:

Մի խոսքով, պարոն Հովհաննիսյանի պարագայում ամեն ինչ այնքան առեղծվածային ու խճճված է, որ ոչ դեպքում վերջնական ոչ մի պնդում չի կարելի անել: Մինչ որեւէ լրատվամիջոց կհրապարակի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-որ բան է արել, չի բացառվում, որ լուրը հրապարակվելուց այն արդեն ժամանակավրեպ կլինի, քանի որ հնարավոր է` այդ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հակառակ քայլն արած լինի: Իրոք որ, մտքով պարոն Հովհաննիսյանին դժվար է հասկանալ: Այնպես որ, սպասենք մի 15 օր, եթե նա այդ ընթացքում մանդատը չվերցնի, ապա խմբակցությունում նոր մարդ կհայտնվի` Ղարաբաղի նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանի որդին` Թեւան Պողոսյանը: Եթե, իհարկե, Թեւան Պողոսյանն ինքն էլ չհրաժարվի իրեն հասանելիք մանդատից:

Նախորդ հոդվածը‘Ռենուարի 100.000$-ոց կտավը գնվել է 7$-ով’
Հաջորդ հոդվածը‘Իրանը կասկածվում է միջուկային զենքի համար պայթուցիչներ փորձարկելու մեջ’