‘Րաֆֆի Հովհաննիսյանը ձախողվեց՝ պահանջատիրությունը քաղաքական ծրագրի, ռազմավարության հետ շփոթելու պատճառով’

1273

Հրաչ Բեդրոսյանը Փարիզից Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. 

«Մի քանի հաստատում, որոնք ոմանց դուր չպիտի գան, բայց ինչպես միշտ՝ վեճս չի)))))

Զարգացած տարբերակը)))

Րաֆֆի Հովհաննիսյանը ձախողվեց, այո՛, ձախողվեց, ի միջի այլոց՝ մի շատ կարեւոր, հիմնական պատճառով, որին բազմիցս անդրադարձել եմ. քաղաքական ծրագրի, ռազմավարության հետ շփոթած ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԱՆ, որը, կարճ ասած՝ տակտիկան է, գործելակերպը:

Պահանջատիրության վիրուսը նրա մեջ, ինչպես գաղթօջախներում՝ շա՜տ շատերի մեջ, դրվել է պատանեկան տարիքում Բեյրութում եւ զարգացել Ամերիկայում, այսպես կոչված՝ ավանդական քաղաքական-մշակութային կառույցների կողմից, որ 1860-ականներից միշտ եւ մինչեւ այսօր շփոթել են պահանջատիրությունը քաղաքականության հետ, որն իրականում զարգացնող գործոն է:

Այդ վիրուսը 1950-ականներից սկսած, երբ գաղթօջախները հազիվ էին սկսել նյութապես զարգանալ եւ խելքները գլուխը հավաքել, մշակեցին կեղծ «մտավորականները», կեղծ եւ ծախված, քանի որ ԲՈԼՈՐՆ էլ կախված էին այդ կառույցներից, սրանց կապերից եւ հրատարակչական միջոցներից, որոնք ապահովում էին նրանց ապրուստը: Այդ կառույցները երբեք չթողեցին անաչառ մտավորականության կազմավորումը:

Այդ պահանջատիրության գագաթնակետը եղավ 1970-80-ականների, ուրիշի հովանավորությամբ տարվող, այսպես կոչված «ազատագրական զինյալ պայքարը», որը մարվեց՝ թողնելով մտքի դատարկություն: Դրան փոխարինեցին նոր «պատմաբանների» աջակցությամբ boy scout-ական ցույցերը, տողանցները, տոնակատարությունները, ծեսերը, հանրահավաքները, որ ներմուծվեցին Հայաստան սովետի փլուզումից հետո եւ ներկայացվեցին որպես դեմոկրացիայի անհաղթելի դրսեւորում: Ձեր աչքով տեսեք՝ ինչ է կատարվում 25 տարուց ի վեր… եւ ուր հասաք իսկական դեմոկրատիայի ձեռքբերման հարցում…

Միաժամանակ, օտար երկրների իշխանությունները, որպես «ազատագրական զինյալ պայքարի» հետեւանք, գաղթօջախների բոլոր կառույցներում սուսուփուս նշանակեցին այդ գաղթօջախների՝ իրենց կողմից ակրեդիտացված դուսպրծուկ-ներկայացուցիչներին, որոնց միջոցով սկսեցին համայնքները վերահսկել եւ ուղղորդել (սրա մասին էլ եմ բազմիցս արտահայտվել, անուններ էլ տալով՝ առանց հակաճառվելու…): Իրենց համալսարաններից 1985-ից հետո դուրս եկած պաշտոնական պատմաբաններ էլ դարձան «մտավորական» կոնֆորմիստ ընտրանին, որի ապրուստն էլ է ապահովված…

Այդ ուղեղներ լվացող պահանջատիրությունը արմատացրեց սին համոզումը, որ «Ինչ էլ լինի, ով էլ լինի, ես եմ իրավացի»:

Ահա ամենափայլուն արդյունքը, որին բոլորը ականատես եղան, եւ որի անմեղ զոհն է Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը…

Հարց. մի բան փոխվելո՞ւ է»: 

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան դեսպանի շուրթերով շնորհավորում է Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ալեքսանդր Բուբնով. Յուրա Մովսիսյանի մասով հարցեր չկան’