‘Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ հայցով կդիմի ՍԴ’

1032

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը կդիմի Սահմանադրական դատարան: Հայցով կվիճարկվի ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը: «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայցով դիմել էին վարչական դատարան, սակայն հայցը մերժվել էր:

Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում էր անվավեր ճանաչել ԿԸՀ` փետրվարի 25-ին ընդունած որոշումը: Րաֆֆի Հովհաննիսյանը դատարանից պահանջում էր նաև պարտավորեցնել ԿԸՀ-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների և դրա վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը և դրա ծախսերը ներառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ և նրա գրանցումը անվավեր ճանաչել:

Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ԿԸՀ դիմում էր ներկայացրել, որով պահանջում էր դիմել դատարան` Սերժ Սարգսյանի գրանցումը չեղյալ հայտարարելու հայցով, որը ԿԸՀ մերժեց անբավարար իրավական հիմքերի պատճառաբանությամբ:

ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, որի սահմանադրականությունը վիճարկվելու է, սահմանում է.

Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքական ուժերի ներքին բարեփոխումների ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի հերթական հավաքը’