‘Րաֆֆի Հովհաննիսյանի «արշավը» նախագահական (ամբողջական, տեսանյութ, ֆոտոշարք)’

3157

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել: Միևնույն ժամանակ նույն հրապարակում հանրահավաք անցկացնելու մտադրության մասին հայտնել էր Հանրապետական կուսակցությունը, սակայն հետո ՀՀԿ-ականները հայտարարեցին, թե այն հետաձգվում է:

Հիշեցնենք, որ նախօրեին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մնալու է հրապարակում մինչեւ այսօր, ժամը երկուսը, երբ հրապարակում նախատեսվածի համաձայն, պետք է տեղի ունենար ՀՀԿ հանրահավաքը:

«Մենք պիտի սպասենք այստեղ մինչեւ վաղը ժամը 2-ը եւ իշխանափոխության արարողակարգը կատարենք այստեղ՝ հենց այստեղ՝ հրապարակավ, ձեր աչքի առաջ՝ Ազատության հրապարակում», — ասել էր նա:

Այսօր կեսօրից հետո հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանն ու հայտնեց, որ Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրավունք չունի, քանի որ հանրահավաքն արտոնված չէ: Սրան ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ եթե պետք է՝ կարող են ձերբակալել իրեն: Այնուհետեւ նա հայտարարեց, որ, քանի որ Սերժ Սարգսյանն իր մամուլի խոսնակի միջոցով պատրաստակամություն է հայտնել ցանկաացած պահի հանդիպել, նա գնում է նախագահական նստավայր:

Դեպի Բաղրամյան 26 երթին միացան մի քանի հարյուր քաղաքացիներ: Նստավայրի մոտ ոստիկանները պահանջեցին, որպեսզի Հովհաննիսյանին ուղեկցող քաղաքացիները սպասեն դիմացի մայթին՝ մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանի մուտռքի մոտ:

Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ նախագահական նստավայր: Կարճ ժամանակ անց President.am-ը լուսանկարներ եւ տեսանյութ տարածեց, Սարգսյանի եւ Հովհաննիսյանի հանդիպման «արարողակարգային» մասի մասին:

Տարածված տեսանյութում  Սարգսյանը հետաքրքրվում է՝ լրագրողների ներկայությա՞մբ զրուցեն, թե՞ ոչ: Տեսանյութն ավարտվում է այն մասում, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է «չէ, պետք չէ»:

Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ավարտից հետո Րաֆֆի Հովհանիսյանը դուրս եկավ եւ հավաքվածներին հայտարարեց, որ հանդիպման մանրամասները կհայտնի վաղը, ժամը 17-ին կայանալիք հանրահավաքին: Հավաքվածներն այս հայտարարությանը պատասխանեցին «հիմա» վանկարկումներով:

 

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրեց զրուցել առանց լրագրողների ‘
Հաջորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանը կոչ է անում միավորվել եւ ձեւավորել Ազգային Անցումային Խորհուրդ’