‘Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Ազատության հրապարակում’

1328

18:37 — «Ժառանգության» ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ընթերցեց 2012-ի հունիսին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի անձնակազմի կողմից ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի քրոջ՝ Վերոնիկա Ավետյանի նամակը:

«Այն ինչ տեղի ունեցավ 9 ամիս առաջ, անջնջելի հետք թողեց ոչ միայն Վահե Ավետյանի գերդաստանի, այլեւ ողջ Հայաստանի կյանքում: Թող այս պայքարը բարու պայքար լինի, թող ոչ մի քույր եղբայր չկորցնի, ոչ մի երեխա չորբանա: Երանի՝ ոչ մի ընտանիքում դժբախտություն չլինի, անգամ այն մարդկանց, որոնց ձեռքով իմ տուն դժբախտություն եկավ», — մասնավորապես, ասվում է նամակում:

—-

18:32 Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:

«Ասում են՝ գնանք Երեւանի ավագանու ընտրություններին: Խնդրեմ՝ գնանք այդ ընտրություններին: Բայց ի՞նչ երաշխիք ունենք, որ այդ ընտրություններն էլ չեն կեղծվելու: Ի՞նչն է փոխվել: Ընտրական համակա՞րգը, դատարանները՞՝ ոչ: Ուրեմն, պետք չէ մոռանալ մեր հիմանկան խնդրի մասին՝ հաստատել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը փետրվաի 18-ի ընտրություններին: Միայն այդ հարցը լուծելուց հետո կարելի է գնալ ավագանու ընտրություններին», — ասաց Զոլյանը: Նա կոչ արեց ինքնակազմակերպվել: 

18:10 Ելույթ ունեցավ Լոռու նախկին մարզպետ Վիգեն խաչատրյանը: Նա համաձայնեց այն ձեւակերպման հետ, որ «Սերժ Սարգսյանը ընտրություններում չի պարտվել»: Ըստ Վիգեն Խաչատրյանի, Սարգսյանը չի պարտվել, տապալվել է: 

«Երբ ՀՀԿ համագումարին Սերժ Սարգսյանն ասում էր, որ երկիրը թաղվել է կոռուպցիայի մեջ, ոչ ոք նրան չասաց՝ «փաստեր բեր»: Որովհետեւ բոլորը գիտեն, որ այդպես է: Երբ նա ամիսներ առաջ խորհրդակցության ժամանակ ասում էր՝ «Տիկո ջան, ատկատներ կան, անօրինականություններ կան», ոչ ոք փաստեր չպահանջեց, որովհետեւ շատ լավ գիտեն, որ այդպես է: Իսկ հիմա, ինչու են կեղծված ընտրութունների համար փաստեր պահանջում: Չէ՞ որ այդ ընտրություններն իրենք են կազմակերպել, թող մի փաստ էլ իրենք բերեին», — ասաց Վիգեն Խաչատրյանը:  

—-

18:07 Անահիտ Բախշյան – Ինչպե՞ս, ինչ միջոցներով պիտի կազմվի շարժումը: Կայացրել ենք որոշում, այսօր կայացավ «Բարեւ» ժողովրդավարության զարգացման շարժման ազգային հիմնադրամի փաստաթղթերի հավաքումը եւ ներկայացվեց գրանցման: Հիմնադրամի հաշվեյհամարին կարող են փոխանցվել միջոցներ՝ որոնք կուղղվեն շարժման սպասարկմանը:  

—-

18:02 «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը Ազատության հրապարակում ասաց.

«Ինչու՞ ենք հավաքվում Ազատության հրապարակում՝ որովհետեւ մեր սրտերըը բաբախում են միասին: Գիտեմ՝ անտանելի են պայմանները: Հավաքվել ենք այստեղ ոչ ասելու արտագաղթին ու անարդարությանը, ոչ՝ կեղեքմանը, թալանին, ոչ՝  լեզվի նկատմամբ ոտնձգություններին, ոչ է գաղութատիրական, նեոկեւորկովյան ռեժիմին»:

Ըստ Չուգասզյանի, հրապարակը լուռ հրահանգ է տվել հարթակին ու սպասում է: 

«Այս էլ որերորդ անգամ (հրապարակը) հղի է նոր պտուղով: Մի քանի անգամ վիժել է: Իրավունք ունի՞ նորից վիժելու: Ոչ, ժամանակ չա: Ի՞նչ ենք անելու, որպեսզի այս երկարատեւ շախմատը վերածվի մատի»:

Ըստ Չուգասզյանի, պետք է փոխել տատմորը: «Ու մեկ էլ տեղափոխեք ծննդատունն Ազատության հրապարակ: Ոչ թե ԿԸՀ-ն եւ նրա հանցագործությունները սքողող ՍԴ-ն, այլ այս հրապարակի սահմանադրական ատյանը եւ նրա ստեղծած հանձնաժողովը պետք է զբաղվեն սահմանադրականության վերականգնմամբ:  Նա պետք է հաստատի Րաֆֆի Հովհաննիսյանին՝ որպես ՀՀ նախագահ, ինչպես նաեւ՝ նոր որակի դատական, օրենսդիր եւ գործադիր մարմինների լեգիտիմացմանը, որոնք կապահովեն անցնցում իշխանափոխությունը:

Ինչպես ամեն երեւույթ, որն ունի իր եղանակները, մենք հասել ենք մեր ձմռանը, որին պետք է հաջորդի գարունը: Րաֆֆու թիմն իր ժողովուրդն է՝ ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի: Առաջ՝ դեպի զուգահեռ, օրինական իշխանություն», — ասաց Գարեգին Չուգասզյանը: 

——

17:46 Զարուհի Փոստանջյանն Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, մասնավորապես, ասաց.

«Երեկ ՍԴ-ում լսում էինք որոշումը, երբ որոշումը ավարտվեց, որևէ մեկի դեմքին չկար ժպիտ, քնաի որ բացի դիմող կողմից հասկանում էին, որ դատավորները գործարքն էին կնքել սատանայի հետ: Գուցե սատանան Սերժ Սարգսյանն է,դա չեմ կարող ասել: Մենք միջնորդություն ներկայացրեցինք, Գագիկ Հարությունյանը նյարդայանանում էր, սակայն այդ միջնորդությունը մերժվեց: Եթե այդքան ազնիվ ու ինքնավստահ էին, ապա թող բերեին բոլոր ընտրատեղմասերի պարկերը և բացեին, տեսնեին, թե ով է հաղթել:
Դատարանը նույնպես ցուցաբերեց անգործություն, այդ անգործությամբ բերեց նրան, որ սատանան նորից դիմի իրենց և նորից գնի իրենց խիղճը: Կեղծարարության կազմակերպիչը՝ Սերժ Սարգսյանը ինքը հայտարարեց, որ ինքն է կազակերպել այս ընտրությունները»:

—-

17:25 «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանրահավաքի մեկնարկին հայտարարեց. «Մտել ենք մեր պայքարի հաղթանակին հասնելու վերջին հանգրվանը: Րաֆֆին իր հացադուլով պայքարը վերցրեց իր վրա: Րաֆֆի Հովհաննիսյանի կամքը, կորովը չի պակասելու, այլ օր-օրի ավելի է հզորանալու: Պայքարը բացառապես խաղաղ բնույթ է կրելու»: Հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Րաֆֆի նախագահ»: Արմեն Մարտիրոսյանը ընդհատեց՝ բարձրախոսով վանկարկելով «Հայաստան»: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այսօրվանի Ազատության հրապարակում ստորագրահավաք է սկսվել, որի նախաձեռնությունը քաղաքացիներինն է:

«Սեղաններն արդեն տեղադրված են, հնարավոր է՝ նաեւ որոշ մարզկենտրոններում տեղադրվեն», — ասաց նա: Հայտարարության տեքստում, մասնավորապես, ասվում է. Ես ՀՀ քաղաքացիս, ողջունում եմ ՀՀ նորընտիր նախագահ Ր. Հովհաննիսյաի պայքարը, հանուն հայ ժողովրդի հաղթանակի ամրագրման եւ պարտավորվում եմ մասնակցելու ապրիլի 9-ին տեղի ունենալիք՝ նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը:

Նա ընթերցեց նաեւ «Ա1+» հեռուստաընկերության անձնակազմի հայտարարությունը, որում նշվում է, որ արդեն 10 տարուց ավել է՝ ՀՀ հասարակությունը պայքարում է՝ իր իրավունքները պաշտպանեու համար:  «Չնայած քաղաքացիական պայքարի տարաբնույթ դրսեւորումներին՝ նկատելի է հանդուրժողականության տարր: Ողջունում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը եւ այն գաղափարը, որին նա դավանում է: Դուք մարմնավորում եք հայ ժողովրդի միասնական պայքարը: Իշխանություններին կոչ ենք անում դրսեւորել ողջախոհությւոն եւ անել առաջին քայլը՝ դեպի սպասվող ժողովրդավարություն», — մասնավորապես, ասվում է «Ա1+»-ի հայտարարության մեջ:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «նաեւ մեր պայքարի արդյունքում «Ա1+»-ը 24 ժամով վերադառնալու է եթեր»: 

Ի դեպ, հանրահավաքին, ի տարբերություն նախորդ անգամների, Դաշնակցության ներկայացուցիչները ելույթ չունեցան:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Վստահ եմ, որ իշխանությունները այդ անիմաստ, ողորմելի քայլին չեն դիմի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կառլո Անչելոտի. «Բարսելոնայի» հետ խաղերը բարդ, բայց հետաքրքիր կլինեն’