‘Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի իրավաբանն այսօր եւս մեկ հայց կներկայացնի ՍԴ’

939

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանn այսօր կդիմի Սահմանադրական դատարան հայցով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին: 

Ըստ այդ հոդվածի, մասնավորապես, ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, եւ յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները փետրվարի 25-ին ԿԸՀ-ից պահանջում էին դիմել դատարան՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու համար: Որպես հիմք էր ներկայացվել այն, որ Սարգսյանի ընտրական շտաբերի վրա տեղադրված, Սերժ Սարգսյանի պատկերով եւ անվամբ պաստառները ներառված չեն թեկնածուի նախընտրական ծախսերի հայտարարագրի մեջ:

ԿԸՀ-ն մերժել էր դիմումը՝ հղում անելով ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ մասի վրա:  

Նախորդ հոդվածը‘Ռիո Ֆերդինանդը կարող է որակազրկվել մրցավարին ծափահարելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ժիրայր Լիպարիտյան. Այլիսլիի շուրջ կատարվողն ապացուցում է, որ հայերը չեն կարող անվտանգ զգալ այսպիսի Ադրբեջանում’