‘«Րաֆֆի Հովհաննիսյանի տոկոսները նկարել է իշխանությունը»’

2525

Hayeli.am-ի հարցազրույցը «Անտարես» հրատարակչության տնօրեն, բլոգեր-քաղտեխնոլոգ Արմեն Մարտիրոսյանի հետ: 

Պարո՛ն Մարտիրոսյան, Ձեզ համար մինչև նախագահի ընտրությունները քաղաքական գործընթացների այսպսի զարգացում կանխատեսելի՞ էր:

Ինձ համար՝ այո:

Բայց վերլուծական հիմնական շեշտադրումն այն էր, որ փետրվարի 18-ի ընտրությունը, ի տարբերություն 2008-ի և դրանից առաջ եղած ընտրությունների, ոչ մրցակցային է լինելու:

Իշխանությունն այս անգամ օգնեց ընդդիմության թեկնածուին: Տեսեք, մեդիառեսուրսի հատկացումը դիմադիր և ընդդիմադիր թեկանծուների միջև էապես տարբեր էր 2008 թվականի համեմատ: MR-ը PR-ի ամենամեծ մասն է: Անգամ սև PR անելու ռեալ հնարավորություն ունի իշխանությունը, որովհետև մեդիառեսուրսը հիմնականում իշխանությունն է վերահսկում: Բայց այս անգամ իշխանությունը չգնաց դրան, որովհետև ընտրությունը մրցակցային չէր, դրա անհրաժեշտությունը չկար:

Բայց կյանքը ցույց տվեց, որ որպես մրցակից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ավելի վտանգավոր է, քան թվում էր:

Ո՛չ, այդպես չէ, համենայն դեպս, իշխանության համար Րաֆֆի Հովհաննիսյանը վտանգավոր չէ: Ես երբեք չեմ տեսել, որ օրինակ, 2008-ին որևէ իշխանական լրատվամիջոց գոնե չեզոք արտահայտվեր Լևոն  Տեր-Պետրոսյանի մասին, ես չեմ ասում դրական, գոնե չեզոք:

Դա հասկանալի է, բայց փաստը մնում է փաստ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի շատ ձայն է հավաքել, քան ստացել էր Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին:

Իհարկե, դա այդպես չէ:

Ինչպե՞ս թե այդպես չէ. պաշտոնապես հրապարակված տվյալներ կան՝ Րաֆֆի Հովհաննիսյան՝ 37 տոկոս, Լևոն Տեր-Պետրոսյան՝ 28, եթե չեմ սխալվում:

Ոզո՞ւմ եք՝ ես էլ նկարեմ 64 տոկոս:

Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի տոկսները նկարե՞լ են:

Իհա՛րկե:

Իսկ ո՞վ է նկարել:

Մենք հո բոլորս հասկանում ենք, որ մեր հարևանի դուռը թակել են, գումար են տվել: Եթե հիշում եք, անցյալ ընտրությունների գումարները 10-15 հազարի սահմաններում էին, հիմա 5 հազարից ավելի չի նշվում: Այսինքն՝ իշխանությունը հաշվարկ է արել՝ տվել է այնքան, ինչքան պետք էր. եթե կարելի է նույն խնդիրը լուծել ավելի էժան գնով, ինչո՞ւ շատ փող ծախսել: Իշխանությունն ուներ ավելի մեծ ռեսուրս, բայց չի օգտագործել:

Ուզում եք ասել՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները, Ձեր բառերով ասված, նկարվել են այն բանի արդյունքում, որ իշխանությունը փող չի՞ բաժանել կամ քի՞չ է բաժանել:

Ուզում եմ ասել՝ այդ տոկոսները նկարելու համար ավելի մեծ փող պետք չէր, դրա համար էլ չի բաժանվել: Իշխանությունը ռացիոնալ հաշվարկներ է կատարում՝ ռեսուրսներ ծախսելու առումով: Այս ընտրություններին չի աշխատել միայն կրիմինալը, աշխատել է վարչական ռեսուրսը և փողը՝ այնքան, որքան պետք էր: Իսկ եթե կրիմինալը չի աշխատել, սա նշանակում է, որ իշխանության ձեռքերն այս անգամ ազատ են, և նա կարող է պայքար ծավալել այդ կրիմինալի դեմ: Եթե ընդդիմության թեկնածուն լիներ ԲՀԿ-ից կամ ՀԱԿ-ից, կրիմինալի անհրաժեշտությունը անպայման կլիներ:

Եթե նկարվել է,ինչո՞ւ 37 տոկոսը մեկ թեկնածուի տրվեց, թող, ենթադրենք, այդ ցուցանիշը բաշխվեր մի քանի ոչ իշխանական թեկնածուների միջև:

Րաֆֆի Հովհաննիսյանը էապես ուժեղ թեկնածու էր, քան մյուսները:

Օրինակ՝ Հրանտ Բագրատյանը ինչո՞վ էր ավելի թույլ կամ ոչ ձեռնտու:

Եթե ռեալ, ոչ նկարված՝ Հրանտ Բագրատյանը ստացել է 7 տոկոս, ապա Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է հաշվել դրա կրկնակին: Բայց այդպիսի տվյալներ հրապարակելու դեպքում իշխանությունը աշխարհին չէր կարող ցույց տալ, որ ընտրությունը մրցակցային է: Սա բարդ հաշվարկի արդյունք է: Մի կողմից պետք էր ցույց տալ, որ 60 տոկոսը եկել է քվեարկության, երկրորդ՝ իշխանությունը պետք է մոտ 60 տոկոսով հաղթեր և երրորդ՝ աշխարհի աչքին պետք է բարձրացվեր Հայաստանի արտաքին լեգիտիմությունը: Իշխանությունը իր առջև դրված այս երեք խնդիրն էլ լուծել է, և իրավիճակը նրա կողմից վերահսկելի է: Այսինքն՝ կար սցենար, որը իրագործվել է: Եթե հիշում եք, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինչքան կուզեն, այնքան կխփեն, այդքան էր պետք, այդքան խփեցին:

Այսինքն՝ Դուք պնդում եք, որ Րաֆֆու բարևարշավը կամ հեղափոխությունը իշխանության սցենարն է:

Սովորաբար իշխանությունը, նման նախագծեր պլանավորելիս, մի քանի սցենար է նկատի ունենում, կարծում եմ, որ այս տարբերակը նախատեսված է եղել: Ես չեմ ասում, թե Րաֆֆի Հովհաննիսյանն է վերահսկելի կամ գնացել է գործարքի, բոլորովին պարտադիր չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-որ տեղ նստեր և իշխանության հետ պայմանավորվածություն ձեռք բերեր: Ես ասում եմ՝ գործընթացը վերահսկելի է իշխանության կողմից:

Ինչո՞ւ եք այդքան վստահ:

Ասեմ՝ նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր ընդդիմադիր միտինգներին օպերայի շրջակայքում, կոնսերվատորիայի բակում կար զորք, եթե հիշում եք, զորքը ավտոբուսներով բերվում էր: Այս տարվա միտինգներին զորք չկա: Մինչև զորքը չտեսնեմ, չեմ հավատա, որ իշխանությունը վախենում է:

Բայց իշխանությունը պնդում է, որ ինքը փոխվել, դեմոկրատ է դարձել, այդ պատճառով էլ բանակը հեռու է պահում քաղաքականությունից, ինչո՞ւ չեք հավատում դրան:

Իսկ ես ասում եմ, որ եթե ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը միասին որոշեն միտինգ անել, Դուք այդ զորքը կտեսնեք: Ցանկացած իշխանություն պարտավոր է պաշտպանել ինքն իրեն: Ես չեմ հավատում այն ամենին, ինչ այսօր տեսնում եմ, ինձ համար հավատի գործոնը զորքն է:

Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի

Նախորդ հոդվածը‘Օբաման Ս.Սարգսյանին. ԼՂ խաղաղ գործընթացը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում’
Հաջորդ հոդվածը‘Եվրատեսիլ-2013-ին Գոռ Սուջյանը հանդես կգա «Lonely Planet» երգով (Տեսանյութ)’