‘Րաֆֆի Հովհաննիսյան. Господин Путин ошибается’

1317

«Господин Путин ошибается։ Ռազմավարական գործընկերությունն այդպես չի արվում։ Ժողովրդի հետ պիտի լինի մեծն Ռուսաստանի համագործակցությունը», — մեկնաբանելով նախօրեին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը՝ Ազատության հրապարակում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի՝ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքներին, Հովհաննիսյանը նշեց, որ Մարթենսը խախտել է իր նախագահական պարտավորությունները եւ պետք է պատասխան տա կուսակցության բոլոր մյուս անդամների առաջ: Նշենք, որ Հայաստանից ԵԺԿ-ին անդամակցում են ՀՀԿ-ը «Ժառանգությունը» եւ ՕԵԿ-ը:

«Ես նամակագրական կապի մեջ եմ եղել Մարթենսի հետ, եւ նշել եմ, որ նա սխալ է գործել՝ ընտրություններից առաջ Հայաստանում մեկ կուսակցության (ՀՀԿ-ի) պրոպագանդան անելով: Եթե նրա կարծիքը դառնա բոլոր անդամների կարծիքը, ապա «Ժառանգությունը» այնտեղ գործ չունի: Մենք կքննարկենք մեր հետագա անդամակցության հարցը», — նշեց Րաֆֆի  Հովհաննիսյանը: Նա ասաց նաեւ, որ ափսոսում է, որ Սերժ Սարգսյանը «արտասահմաններ» է մեկնում զորակցություն ստանալու: Նա վստահ է, որ դա թույլ գործչի, թույլ քաղաքական ուժի գործելակերպ է:  

iLur.am-ի խնդրանքով անդրադառնալով ԱԺ նախագահի խոսնակի այն հայտարարությանը, որ ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողությունը տեղի կունենա ոչ թե Օպերայի դահլիճում, այլ Մարզահամերգային դահլիճում կամ ԱԺ պուրակում, պարոն Հովհաննիսյանը նշեց, որ հետայսու մեկնաբանելու է միմիայն Սերժ Սարգսյանի խոսքերը.«Որևէ ուրիշ մարդու խոսքեր չպիտի մեկնաբանեմ»։ Այնուամենայնիվ, ըստ նրա, նա Ազատության հրապարակում կմնա մինչեւ ապրիլի 9-ը, «եթե առաջարկված հարցերին լուծումներ չառաջարկվեն»:

Լրագրողի հարցին՝ հնարավոր է «Ժառանգութությունն» ու ՀՅԴ-ը միասնական ցուցակով մասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին, Հովհաննիսյանը շեշտեց, որ այժմ ուրիշ օրակարգ կա, եւ հավելեց՝ «Ամեն ինչ հնարավոր է»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ  մի քանի օր առաջ  ասել է, որ պատրաստ է հանդիպել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: «Ես բաց եմ, եթե ինքը ցանկանա, ես մեծ սիրով կհանդիպեմ իրեն Ազատության հրապարակում», — ասաց Հովհաննիսյանը։

Նախորդ հոդվածը‘Նորից սեւ ծուխ. Հռոմի Պապ դեռ չի ընտրվել ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում երկու միլիոն երեխա տառապում է սովից, հիվանդություններից և բռնությունից’