‘Րաֆֆի Հովհաննիսյան. Այս իշխանություններն իրենց նախորդների նման տապալվել են’

926

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը մրցունակ այլընտրանք չունի: Հայտարարության տեքստը՝ ստորև. 

«Այսօր Հովիկ Աբրահամյանը, ով պատիվ էր արել գործող նախագահի փոխարեն իմ նամակին վերջապես, թեկուզ հռետորաբար, պատասխանել, հայտարարեց, թե պարոն Սարգսյանը չունի մրցունակ այլընտրանք: 

Նրա այդ ցանկությունն ինքնին մատնում է, որ այս իշխանություններն իրենց նախորդների նման տապալվել են: Ցանկացած պետություն եւ իշխանություն պիտի ունենան այլընտրանք` երկրի ու նրա քաղաքացիների գերակա շահից ելնելով: 

Իհարկե` եթե իշխող կուսակցապետերն ու շտաբի պետերը նախորդների օրինակով առաջիկա ընտրությունները «վարեն» իրենց հակասահմանադրական մեղսագործություններով` մեծ փողեր, նյութական այլ արժեքներ բաժանելով` որպես կաշառք, համայնքապետերին ստիպելով ու սպառնալով, հարյուրավոր պետական շենքեր օգտագործելով նեղ կուսակցական նպատակների համար, շահագործելով մեր դպրոցների, հիվանդանոցների, հանրային այլ հաստատությունների աշխատակազմերին (անգամ` աշակերտներին եւ ուսանողներին), մեր հպարտության ակունք հանդիսացող զինվորներին` սովորական մյուս իրավախախտ խմբերի հանգույն, ուղարկելով դեպի պարտադիր ու բազմակի քվեարկության եւ այլն, ապա, իհարկե, գործող անայլընտրանքը «լուրջ» մրցակից չի ունենա: 

Իրապես ազատ եւ արդար ընտրության դեպքում, սակայն, իրականությունն այլ կլինի. Հայաստանը կունենա ժողովրդին պատկանող մրցակիցներ, կունենա ե´ւ նոր նախագահ, ե´ւ արժանապատիվ քաղաքացի, ե´ւ ամուր պետություն ու շենշող ապագա: 

Թող սեփական մեղքերը չթաքցնեն: Իսկ եթե չեն վախենում իսկական մրցակցությունից` համապատասխան քայլեր անելու պահը հիմա է: 

Մեր հայրենիքի վաղվա օրը մեր ժողովրդի ձեռքում է եւ նրա կամքի մեջ: Մենք, ի վերջո, ուզո՞ւմ ենք մեր խոսքն ու գործը մեկ անել: 

Ուրիշ տեղ չնայենք»:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանն ու իր գոլը ճանաչվել են լավագույնը’
Հաջորդ հոդվածը‘2013-ին Չինաստանն ու Ռուսաստանը Angry Birds զվարճանքի գոտի կունենան ‘