‘Րաֆֆի Հովհաննիսյան. Իմ միակ զրուցակիցը Սերժ Սարգսյանն է (Տեսանյութ)’

1510

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրած բացօթյա ասուլիսում, ըստ էության, չի պատասխանել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին՝ հայտարարելով, թե բոլոր հարցերի պատասխանները կհնչեն ուրբաթ օրվա հանրահավաքի ժամանակ:

««Ժառանգությունը մեր ժողովրդի մի մասնիկը դարձել է, և ես չեմ դիտարկում «Ժառանգությունը» շարքային կուսակցություն: Քաղաքացիական հասարակությունը, կուսակցությունները պետք է միանան հաղթական դաշինքով, քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ վերադարձնեն իշխանությունը ժողովրդին»,- ասել է Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» այն հայտարարությանը, թե կուսակցությունները պետք է իրենց առանցքի շուրջ միավորվեն:

Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ խոսել է նաև Սերժ Սարգսյանի մամուլի ծոսնակ Արմեն Արզումանյանի՝ այսօր արած հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու հրավերը:

«Պարոն Սարգսյան, ես չեմ մերժել որեւէ առաջարկ հանդիման, Ձեր նստավայրը ստում է: Ես Ձեզ հրավիրում եմ մեր նստարանի վրա, բաց կամ փակ քննարկման՝ որոշումը ձերն է: Ես կողմ եմ բաց քննարկման: Ես դա ասում եմ, որովհետեւ անցյալ անգամ դուք մոնտաժեցիք իմ խոսքը»,- նշել է նա:

Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ մինչև ապրիլի 9-ը Հայաստանում բեկումնային փոփոխություն պետք է լինի , և եթե դատարանն «այլ բան չորոշի», ինքն Ազատության հրապարակում կլինի մինչև ապրիլի 9-ը: Նա նաև անդրադարձել է հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Սահմանադրական դատարանից:

«Պիտի ճանաչվի հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության հաղթանակը: Դատարանը ունի հնարավորություն մինչև իր կազմի փոփոխությունը մի անգամ իրավական, սահմանադրական վճիռ կայացնել: Թող հրահանգի բացել բոլոր ընտրատեղամասերի տրցակներն ու կհասկանաք, որ ժողովուրդը հաղթել է: Մեր փաստաբանական թիմը՝ Կարենը, Զարուհին, Անդրիասը կարող են ավելի շոշափելի պատասխան տալ, ես անհավանական եմ համարում արդար անկախ վճիռը, բայց հույս ունեմ, որ այս անգամ դատարանը ցույց կտա, որ գոյություն ունի օրենք, իրավունք և սահմանադրություն»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հրաժարվել է մեկնաբանել Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արած հայտարարությունները՝ նշելով, թե իր միակ զրուցակիցը Սերժ Սարգսյանն է:

Նշենք, որ վաղը, ժամը 12-ին, Ազատության հրապարակում սպասվում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ասուլիսը, իսկ ժամը 17-ին Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը կպատասխանի լրագրողների հարցերին: 

Նախորդ հոդվածը‘Սան-Պաուլուում մերկ ցուցարարները բողոքել են վարորդների ագրեսիվության դեմ (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Մահ կամ ինքնաբացարկ’