‘Րաֆֆի Հովհաննիսյան. Խորհրդարանական քննարկումների հետ ես գործ չունեմ’

1393

Րաֆֆի Հովհաննիսյանը «տեւական հաղորդակցության մեջ» է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության հետ եւ տեղյակ է, թե ինչ է տեղի ունենում խորհրդարանում: «Եթե խորհդարանական քննարկումների միջոցով հնարավոր կլինի Սերժ Սարգսյանին հասցնել մի բանական առաջարկ, թող լինի՝ դա էլ մի ամբիոն է», — ասաց նա Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ օրերս խորհրդարանում ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների մասնակցությամբ  ԱԺ-ում մեկնարկել են քննարկումներ մեծամասնության հետ: Ընդդիմադիրներն առաջարկում են քննարկումներ ծավալել՝ մեկ տարվա ընթացքում համամասնական ընտրակարգով ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ սահմանադրական բարեփոխումների օրակարգով:   

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, դա խորհրդարանականների գործն է, եւ դա իր վարած «հանրահավաքային» պայքարի հետ կապ չունի:

«Սակայն, ես որքան հասկացել եմ, Ազգային ժողովում այլեւս գործընթաց չկա, որովհետեւ այն մարդիկ, ովքեր կեղծել են ընտրությունները, չեն պատրաստվում ուղիներ առաջարկել», — ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված առաջարկությանը՝ ընդունել ԿԸՀ հրապարակած արդյունքները՝

«Աբրահամյանն իմ զրուցակիցը չէ, իմ միակ զրուցակիցը Սերժ Սարգսյանն է», — ասաց նա:

Նախօրեին հանրահավաքում Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «իշխանությունը ժողովրդին ենք վերադարձնելու քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ»: Այսօրվա ասուլիսին, պարզաբանելով այդ միտքը, Րաֆֆին տեղեկացրեց, որ պետք է պատրաստվել համայնքային ընտրություններին՝ «բոլոր սահմանադրական ճանապարհներով իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Մեծամասնությունը փոքրամասնություն պետք է դառնա, եւ դա ձեռնտու կլինի հենց այսօրվա դե ֆակտո մեծամասնությանը», — ասաց նա:

Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստվելու հարցին, ապա, ըստ Հովհաննիսյանի, «Ժառանգությունն» այդ հարցին ձեռնամուխ կլինի «այս ճգնաժամը հաղթահարելուց  հետո»: 

 

 

Նախորդ հոդվածը‘ՀԱՀ. Ավտոմեքենան կայանելու կանոնների խախտումը վտանգավոր է կյանքի համար’
Հաջորդ հոդվածը‘ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Արոնյանը գրեթե հավասարվեց Կրամնիկին’