‘Րաֆֆի Հովհաննիսյան. Հաղթել ենք (Լրացված)’

2093

«Տոնում ենք մեր հաղթանակը՝ ժողովրդի հաղթանակը», — լրագրողներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ հարգում է բոլոր մրցակիցներին, հատկապես՝ Սերժ Սարգսյանին, նրա  վաստակը անկախ պետականության տարիներին: Նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանը դեռ մեծ ճանապարհ ունի անցնելու: Հովհաննիսյանի խոսքերով, Սարգսյանն առաջին նախագահն է, որը պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է: «Exit poll-երն իրենց հերթին, բայց ժողովուրդն իր խոսքն ասել է, նա հստակ ասել է՝ ես եմ իմ երկրի, պետության, իմ ճակատագրի տերը», — ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, փետրվարի 18-ին ժողովուրդը ազգ է դարձել:

Նա ասաց նաեւ, որ ով էլ լինի՝ մարզպետ, քաղաքապետ, թե օլիգարխ, ով խեղում է ժողովրդի ձայնը, ով սպառնում է հայ մարդուն, թե կվերացնի ընտանիքը, պետք է պատասխան տա: «Լինի ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ թե ժառանգություն, բոլորը օրինախախտումների դեպքում պետք է պատասխան տան», — նշեց նա:  

Նա ասաց նաեւ, որ հինգ տարի անց ինքը չի պայքարելու վերընտրվելու համար՝ երկրի ղեկը փոխանցելու է նոր սերնդին: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով, այս ընտրությունների ժամանակ էլ «հետխորհրդային» արատները՝ վախը, կեղծիքը, գործեցին, բայց վճռական չեղան:

Նա նշեց, որ սա նախընտրական ճառ չէ, այլ հետընտրական: Հովհաննիսյանի խոսքերով, իր մրցակիցներից ոչ ոք չի պարտվել այս ընտրություններում, այլ պարտվել են «մեր միջի փոքրոգությունը, ծախուն, փողը, վախկոտությունը»:

Ելույթի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ բոլոր հարցերին կպատասխանի փետրվարի 19-ին ժամը 17-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ:

Այնուհետեւ նա մոտավորապես նույն ելույթը արտասահմանյան լրատվամիջոցների համար ունեցավ անգլերենով:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի և Հովսեփ Խուրշուդյանի ասուլիսը ուղիղ հեռարձակմամբ’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ կայքից անհետացել են ընտրությունների արդյունքները’