‘Րաֆֆի Հովհաննիսյան. Հիմա կամ երբեք’

1174

Ազատության հրապարակում «Ոչ»-ի ճակատի միասնական հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ, որում, մասնավորապես, ասաց.

«Նոր Հայաստանը», որը գալու է շատ շուտով, ողջունում է «ոչ»-ի շարժումը: Ազատ, անկախ եւ ինքնիշխան Հայաստանի հեռանկարում չկա ոչ մի տարբերություն այստեղ կանգնած քաղաքական ուժերի, քաղաքացիական հոսանքների եւ ամենակարեւորը՝ շարքային հայաստանցիների միջեւ: Յուրաքանչյուր հայ մարդու, հայաստանցու պահանջն է, որ բոլոր այս ուժերը ի մի գան եւ այս հարցը լուծեն այս տարի: Եթե անմիջական ապագայում չլուծվեց այս հարցը, եթե մենք մտնենք հերթական ընտրությունների շրջան, եթե թույլ տանք, որ այս կուսակցապետությունն իր ապօրինի իշխող վերնախավով շարունակի իր ապօրինությունները մեր պետության եւ մեր ժողովրդի դեմ, ապա ոչ մեկս իրավունք չի ունենալու ասել՝ ինչու այսպես ստացվեց: Հիմա կամ երբեք: Եւ հենց դրա համար էլ մենք դուրս ենք եկել ոչ թե կեղծ սահմանադրական հանրաքվեի դեմ, այլ՝ ազգային շահը ձեզ՝ Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու համար: Եւ այստեղ այլեւս չկան կուսակցական դրոշ եւ անձնական շահ: Եւ միայն այս դեպքում մենք կունենանք առանց քաղաքական բանտարկյալների Հայաստան: Եւ միայն այս դեպքում Շանթը եւ Վարդանը եւ Վոլոդյան եւ մյուսները՝ բոլորը դուրս կգան եւ ազատ կշնչեն սեփական քաղաքում եւ երկրում: Եւ միան այդ դեպքում մենք կհասնենք արդարության բոլոր հալածանքների համար՝ հոկտեմբերի 27, մարտի մեկ, դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյան եւ Լիսկայի բոլոր զոհերի համար»։

Նա ասաց, որ դեկտեմբերի 6-ին ժողովուրդը հաղթելու է եւ ունենալու է վերջապես հանրության վստահությունը վայելող իշխանություն:

Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղը, ժամը 6-ին «Նոր Հայաստանի» հերթական հավաքն է Ազատության հրապարակում:

«Մենք ունենալու ենք նոր Հայաստան, եթե բոլորս միասին բերենք մեր ուժերը, դուրս գանք մեր հատվածականությունից»:

 Նա նշեց նաեւ, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 8-ից հետո նույնպես հավաք է լինելու՝ ի պաշտպանություն ժողովրդի քվեի:

«Մենք հավատում ենք մեր երկրին, մենք սիրում ենք մեր հայրենիքը, եւ թող բոլորը, ով սեփականաշնորհել է ժողովրդի հայրենիքը, իմանան, որ պատասխան են տալու մարդկանց առաջ: Կորչի հանրապետական կուսակցապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը» եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Նախորդ հոդվածը‘Մանուկյան. Չե՞ք հասկանում, որ երկրին պետք է ժողովրդի կողմից ընտրված նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Մուսախանյան. Որքան շատ սուտ, այնքան շատ «Ոչ»-ի համակիր ‘