‘Րաֆֆի Հովհաննիսյան. Շատ շուտով ԱԺ արտահերթ ընտրություններ են լինելու’

1054

Շատ շուտով նոր խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան: Ազատության հրապարակում տված ասուլիսի ժամանակ հայտարարեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, Հովհաննիսյանը մարտի 10-ից հացադուլ է հայտարարել՝ մինչեւ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը:

Լրագրողները հարցրին՝ ինչպես է վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ իրեն ողղված առաջարկին, ըստ որի պետք է շարունակել հացադուլը, հորդորել ԱԺ ընդդիմադիր ուժերին՝ վայր դնելու մանդատները, եւ ուրբաթ նախատեսված հանրահավաքին հնարավորինս շատ մարդկանց ներկայություն ապահովել: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մանդատները վայր դնելու կետը, որպես հայեցակետ, իր համար ընդունելի է, բայց՝ «ժամանակի եւ տեխնիկական առումներով երկրորդականմ որովհետեւ ավելի համալիր լուծումների ենք գնում: Շատ շուտով արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու»:

Իսկ ինչ վերաբերում է հանրահավաքի բազմամարդությանը, ապա, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, դա էլ առաջնային չէ, քանի որ «մենք ոչխարի հոտ չենք, այլեւս գլխաքանակով չեն գնահատելու: Մենք ամենուր ենք»:

«Ես «եթե»-ներով չեմ առաջնորդվում եւ պաշտոնի համար էլ չեմ պայքարում», — ասաց Հովհաննիսյանն ի պատասխան հարցի, թե կընդունի՞ արդյոք վարջապետի պաշտոնը, եթե Սերժ Սարգսյանն առաջարկի այն: «Կողջունեմ, եթե Սերժ Սարգսյանը գա հրապարակ, կողջունեմ նաեւ եւ հավատում եմ, որ Սահմանադրական դատարանը արդար, սահմանադրական վճիռ կայացնի: Պատրաստ եմ լսելու Սերժ Սարգսյանին, քննարկելու ցանկացած առաջարկ, բայց դա պետք է լինի ամբողջական, ոչ մասնակի եւ ոչ հետաձգված», — ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ դեմ է Մաքսային միութանը եւ Եվրասիական միությանն անդամակցությանը: «Դա չի նշանակում, սակայն, որ Հայաստանը չպետք է երկկողմ լավ հարաբերություններ ունենա Ասիական երկրների հետ եւ դիտորդի կարգավիճակով մասնակցի եվրասիական միություններին», — նշեց նա: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, որպես արեւմտյան քաղաքակրթության ակունք, Հայաստանը պետք է շարունակի գնալ այդ ուղղությամբ, նաեւ նշեց, որ եվրոպական երկրները ժողովրդավարության հարցերում նույնպես «տեղ ունեն աճելու»: Նա ասաց, որ Հայաստանը պետք է մաս կազմի ոչ թե այս կամ այն անվտանգության համակարգի, այլ պետք է դարբնի համաշխարհային, ցանցավորված համակարգ, «որպեսզի որեւէ տերություն այլեւս բարձրից չնայի Հայաստանին»: Ընդ որում, Հովհաննիսյանը շեշտեց, որ հայ-ռուսական, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանների եւ այլոց հետ հարաբերությունների «աստեղային ժամը» դեռ առջեւում է:   

Նախորդ հոդվածը‘Հրապարակվեց Չեխիայի հավաքականի կազմը՝ Հայաստանի եւ Դանիայի հետ խաղերի համար’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տէր-Աբրահամյան. Իրավիճակն ավելի շատ պարտադրում է լռություն կամ գոնե զսպվածություն’