‘Րաֆֆի, տեր ե՞ս’

2539

Նախ որոշ արձանագրումներ.

1. Մինչ այս պահը Րաֆֆի Հովհաննիսյանը չի ձևակերպել իր քաղաքական օրակարգը: Անհայտ է, թե նա կոնկրետ ի՞նչ և ումի՞ց է պահանջում («ժողովուրդը հաղթել է», «Հայաստան» և նմանօրինակ ձևակերպումները որևէ առնչություն չունեն իրավաբանության հետ):

2. Ինչպե՞ս է պատրաստվում Րաֆֆի Հովհաննիսյանը հասնել «ընտրությունների»՝ ԿԸՀ-ի արձանագրած նախնական արդյունքները վերանայող ՓԱՍՏԱԹՂԹԻ բովանդակության փոփոխությանը:

Ընդդիմությունն առանձնապես մեծ ընտրություն չունի ճանապարհների հարցում. «ընտրությունների» արդյունքները վերանայել հնարավոր է միայն համատարած վերահաշվարկների դիմումներ ներկայացնելու և քվեարկությունն անվավեր ճանաչելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու միջոցով: Հովհաննիսյանի թիմը ներկայացրել է վերահաշվարկի ընդամենը 10 դիմում (մոտ 12-15 հազար քվեի հաշիվ է) և դեռ չի որոշել՝ դիմելո՞ւ է արդյոք Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: «Գուցե դիմենք»,- փետրվարի 19-ին հայտարարեց պարոն Հովհաննիսյանը: Գուցե՞: Ինչպե՞ս թե, կարող է և չդիմե՞ք:

3. Չափազանց անլուրջ, փնթի ու անկազմակերպ է Րաֆֆիի թիմը. նրա ֆեյսբուքյան պաշտոնական կայքը լի է հակասական, ոչ ստույգ, երբեմն՝ պառակտիչ նյութերով՝ տեղադրված էջի պատասխանատուի կողմից:

Քաղաքականությունը երկար-բարակ, ոչինչ չասող արտահայտություններ կրկնելու վարպետություն չէ: Քաղաքականությունը գործ է: Գործ, որը պետք է ապահովի ուժերի հնարավորինս լայն համախմբում, մինչդեռ զարմանալի զուգադիպությամբ իրար հաջորդող «վրիպումները» նպաստում են միայն հրապարակի դատարկմանը: Արդյունքն առավել քան խոսուն է. կես միլիոնից ավելի քվեի քաղաքական կապիտալով քվեարկությանը հաջորդող 3-րդ օրը կես հրապարակ չի լցվում:

Ասում էինք՝ սպասենք: Սպասեցինք. 1, 2, 3 օր… Ասում եք՝ սպասեք: Ինչի՞ն սպասենք: Նախագահի պաշտոնին հավակնած մարդն արդեն 3-4 օր է՝ չի ձևակերպել, թե ումից ինչ է ուզում:

Ասում եք՝ հրապարակ գնացողը Րաֆֆիի համար չի գնում, իր ու մեր երկրի ապագայի համար է գնում: Ճիշտ եք ասում: Բայց երբ քաղաքացուն 3 օր շարունակ որևէ կոնկրետ օրակարգ չեք առաջարկում և նա փորձում է դոնդողին ստիպել ամրանալ՝ պահանջատեր լինելով, ձենը կտրացնում եք ու այդքան սիրելի ոստիկանների հետ վռնդում հրապարակից: Ի՞նչ անի քաղաքացին: Ի՞նչ եք առաջարկում: Մի բան առաջարկեք, որ մյուսներն էլ տեսնեն՝ միավորվում ե՞ն դրա շուրջ, թե՝ ոչ: Մոռացեք վերացականությունը: Կոնկրետ: Հստակ: Առանց լոլոների, հանգույնների ու տակավինների:

Հինգ տարի Րաֆֆին հարցնում էր. «Քաղաքացի, տեր ե՞ս»: Փետրվարի 18-ին քաղաքացին ասաց. «Տեր եմ, Րաֆֆի»: Եվ հիմա եկել է քաղաքացու հարցնելու ժամանակը. «Րաֆֆի, տե՞ր ես»: Վերցրու պատասխանատվությունը, մի՛ վախեցիր՝ առնվազն կես միլիոն մարդ կա թիկունքիդ: Գործ արա:

 

Ռաֆայել Թեյմուրազյան 

Նախորդ հոդվածը‘Գայլերի որսը կարգելվի` դրանց թվի նվազմամբ պայմանավորված’
Հաջորդ հոդվածը‘Գնդակոծվում է Մովսես գյուղը ‘